458 դիտում, 2020.12.04 21:09

ՄԱԿ-ը 2021 թվականին կանխատեսում է ծանրագույն հումանիտար ճգնաժամ

ՄԱԿ-ը 2021 թվականին կանխատեսում է ծանրագույն հումանիտար ճգնաժամ

2021 թվականին աշխարհը կարող է կանգնել ծանրագույն հումանիտար ճգնաժամի առջև, եթե երկրները անհրաժեշտ ֆինանսավորում չտրամադրեն: Այս մասին հայտարարել է ՄԱԿ-ի պարենի համաշխարհային ծրագրի տնօրեն Դևիդ Բիզլին, ով ելույթ է ունեցել COVID-19-ի դեմ պայքարին նվիրված ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի հատուկ նիստում:

Նա նշել է, որ վերջին չորս տարում հիմնականում զինված հակամարտությունների պատճառով սովամահության եզրին գտնվող մարդկանց թիվը 80 միլիոնից հասել է 135 միլիոնի:

«Կորոնավիրուսի հետևանքով սովից կարող է մահանալ 270 միլիոն մարդ»,- ասել է Բիզլին:

Նրա խոսքով ՝ 2021 թվականը աղետալի կլինի՝ ելնելով առկա իրողություններից:

«Քանի որ մենք ծախսել ենք 19 տրիլիոն դոլար, այդ գումարը չի կարող լինել և չի լինի, ամենայն հավանականությամբ, 2021 թվականին: Տնտեսական անկում է տեղի ունենում, և պահանջները կրկնակի ավելացել են: 2021 թվականը  կդառնա ՄԱԿ - ի հիմնադրման պահից ի վեր ամենալուրջ հումանիտար ճգնաժամի տարին»,- ընդգծել է Բիզլին: