392 դիտում, 2020.12.04 17:01

Բագրատաշենի անցակետում վերականգնվել են բեռնատար տրանսպորտային միջոցների անխափան մուտքը և ելքը

Բագրատաշենի անցակետում վերականգնվել են բեռնատար տրանսպորտային միջոցների անխափան մուտքը և ելքը

Պետական եկամուտների կոմիտեի Բագրատաշենի մաքսակետը դեկտեմբերի 1-ից անցել է բնականոն աշխատանքի: Վերականգնվել է ամեն տեսակի բեռնատար տրանսպորտային միջոցների անխափան մուտքը և ելքն անցակետով։ Այս մասին հայտնում են ՀՀ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

ՊԵԿ Արևելյան մաքսատուն-վարչության Բագրատաշեն մաքսային-կետ բաժնի պետ Գեղամ Վանունու խոսքով՝ մաքսակետում 24 ժամյա ռեժիմով սահմանը հատողների համար իրականացվում է մաքսային  սպասարկում. «Դեկտեմբերի 1-ից 3-ն ընկած ժամանակահատվածում Բագրատաշենի մաքսակետով սահմանն արդեն հատել է շուրջ 1700 բեռնատար: Եթե դեկտեմբերի 1-ին այդ թիվը կազմել է 410, ապա դեկտեմբերի 3-ի ընթացքում սահմանը հատել է շուրջ 700 բեռնատար»:

Հիշեցնենք, որ դեռևս սեպտեմբերի 28-ին, ռազմական դրության պայմաններում,  Պետական եկամուտների կոմիտեն, անվտանգությունից ելնելով՝ հայկական պետհամարանիշներով տրանսպորտային միջոցների սահմանահատման համար հորդորել էր Բագրատաշենի անցակետի փոխարեն ընտրել Բավրայի մաքսակետը:

Ի դեպ, դեկտեմբերի 1-ից վերականգնվել է նաև Գոգավանի մաքսակետի բնականոն աշխատանքը: Այն ժամանակավորապես դադարեցվել էր՝ վրացական հատվածում ճանապարհների վերանորոգման նպատակով։