կարևոր
1171 դիտում, 1 տարի առաջ - 2020-12-04 13:08

Վազգեն Մանուկյանը բանակցությունների միջոցով կարողացել է ապահովել թե՛ տնտեսական, թե՛ ռազմական աջակցություն. Խաչատրյան

Վազգեն Մանուկյանը բանակցությունների միջոցով կարողացել է ապահովել թե՛ տնտեսական, թե՛ ռազմական աջակցություն. Խաչատրյան

Ընդդիմադիր 17 ուժերը անցումային կառավարության ղեկավարի՝ ՀՀ վարչապետի պաշտոնում առաջադրել են Վազգեն Մանուկյանի թեկնածությունը։

Ինչո՞ւ հենց Վազգեն Մանուկյանը, ինչո՞վ է արդարացված ընդդիմության կողմից նրա առաջադրումը..., այս և այլ հարցերի շուրջ Panorama.am-ը զրուցել է ՀՅԴ ԳՄ անդամ Արթուր Խաչատրյանի հետ։

Panorama.am. Պարո՛ն Խաչատրյան, ինչո՞ւ ընդդիմադիր ուժերը հենց Վազգեն Մանուկյանին առաջադրեցին՝ որպես վարչապետի թեկնածու։ Արդյո՞ք նա այն ուժեղ բանակցողն է, որի մասին խոսում է ընդդիմությունը։

Ա. Խաչատրյան. Վազգեն Մանուկյանի ընտրությունն արդարացված է, քանի որ նա այն քաղաքական գործիչն է, որ կանգնած է ՀՀ-ի կերտման ակունքներում, այն մարդն է, որը 1980-ականների վերջերին եղել է Արցախյան շարժման հայաստանյան թևի առաջնորդը։ Նա այն մարդն է, որ լինելով ընդդիմադիր գործիչ, 1992 թվականին ստանձնել է պաշտպանության նախարարի պարտականությունները, և դա այն ժամանակ, երբ ադրբեջանցիները գրավել էին Արցախի տարածքի առավել քան 40 կմ-ը և Ստեփանակերտից ընդամենը մի քանի կմ հեռավորության վրա էին գտնվում։

Նա մի կողմ է դրել իր քաղաքական բոլոր ամբիցիաները և իր պաշտոնավարման մեկ տարվա ընթացքում շրջել է պատերազմի ողջ ընթացքը, ադրբեջանցիները ոչ միայն դուրս են շպրտվել Մարտակերտից, այլ նաև մենք կարողացել ենք ազատագրել Աղդամի, Ֆիզուլիի,  Կուբաթլուի, Ջաբրայիլի, Զանգելանի և Քարվաճառի շրջանները։

Բացի այդ, նա այն մարդն է, որ 1996 թվականի նախագահական ընտրություններին կարողացել է միավորել ընդդիմությանը, փաստացի հաղթել է այդ ընտրություններում, բայց տեսնելով, որ այդ պահի իշխանությունները բիրտ ուժ են կիրառում, մի կողմ է դրել իր ամբիցիաները՝ չցանկանալով գեթ մի քաղաքացու կյանքն ու առողջությունը ռիսկի տակ դնել։ Այսինքն՝ նա մարդ է, որը, լինելով նախ Հայաստանի երրորդ հանրապետության առաջին վարչապետ, ապա պաշտպանության նախարար, պատերազմի տարիներին, շրջափակման ծանր պայմաններում կարողացել է  բանակցությունների միջոցով ապահովել թե՛ տնտեսական, թե՛ ռազմական աջակցություն։

Panorama.am. Բայց այս դեպքում էլ, թեև ընդդիմությունն արդեն ներկայացրել է վարչապետի իր թեկնածուին, ՀՀ գործող վարչապետ Նիկոլ Փաշինյանը, կարծեք թե, չի պատրաստվում հրաժարական տալ, այլ կադրային փոփոխություններ է իրականացնում, նոր նշանակումներ անում։ Այս դեպքում ի՞նչ անելիքներ ունի «Հայրենիքի փրկության շարժումը»։

Ա. Խաչատրյան. Հիմա իշխանությունները կառչած են աթոռից, քանի որ գիտեն, որ այլ պայմաններում բացարձակապես ոչ մի բանի պիտանի չեն, և էլի փողոցներում են հայտնվելու, և էլի կլանչելու են, որ տարբեր կազմակերպություններից գրանտներ ստանան։

Նայեք այդ մարդկանց կենսագրությունները, և կտեսնեք՝ ովքեր էին նրանք հեղափոխությունից առաջ։ Իհարկե, իրենց համար սա լափամանի խնդիր է, որովհետև այս 2.5 տարվա ընթացքում բացարձակապես ոչինչ այս երկրի համար չարեցին։ Եվ տեսնելով ժողովրդական մեծ ընդվզումը՝ իշխանությունը հոգեվարքի մեջ փորձում է բիրտ ուժ կիրառել՝ դրանով մի քանի օր ևս երկարացնելով իր՝ այդ լափամանից օգտվելու հնարավորությունը։ Այս նեղ պայմաններում մարդիկ իրենց պարգևավճար են տալիս, փորձում են լափել, մինչև ժողովուրդն իրենց կնետի պատմության աղբամանը։

Իսկ այսօր այդ իշխանությունները, հոգեվարքի մեջ գտնվելով, բիրտ ուժ են կիրառում խաղաղ ցուցարարների նկատմամբ, և այդ ամենի պատասխանատուն անձամբ Նիկոլն է։ Մեր երկրում ոստիկանությունը ենթարկվում է վարչապետին, իսկ այսօր դեռ ՀՀ վարչապետը նա է, և ուժը, որ կիրառվում է, կիրառվում է ոստիկանության միջոցով, բայց Նիկոլ Փաշնյանի հրահրմամբ։ Եվ այդ բիրտ ուժի կիրառման համար ինքը պատասխան է տալու։

Panorama.am. Նշեցիք, որ անհնազանդության ակցիա իրականացնողների նկատմամբ բիրտ ուժ է կիրառվում, ձերբակալություններ են լինում։ Այս պարագայում ժողովուրդը կկարողանա՞ հասնել վարչապետի հրաժարականին։

Ա. Խաչատրյան. Այո, դա պետք է լինի ժողովրդի հուժկու պահանջով՝ խաղաղ և անցնցում։ Ի տարբերություն գործող իշխանությունների, մարդիկ այսօր հասկանում են, որ այս պահին ուղղակի չի կարելի երկիրը տանել ցնցումների։ Ու ինչքան արագ դա հասկանան նաև գործող իշխանությունները, այդքան լավ կլինի բոլորիս համար։ Միգուցե իրենց համար վատ լինի, բայց ազգի ու երկրի համար դա փրկության միակ հույսն է։