կարևոր
1019 դիտում, 1 տարի առաջ - 2020-12-04 11:46

Լոռու մարզի բնակչին մեղադրանք է առաջադրվել 26-ամյա երիտասարդին ծանր մարմնական վնաս պատճառելու համար

Լոռու մարզի բնակչին մեղադրանք է առաջադրվել 26-ամյա երիտասարդին ծանր մարմնական վնաս պատճառելու համար

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում իրականացված քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են Լոռու մարզի 26-ամյա բնակչին ծանր մարմնական վնաս պատճառելու դեպքի հանգամանքները: Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

Քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ 2020թ. հունիսի 16-ին՝ ժամը 23:00-ի սահմաններում, Լոռու մարզի 28 և 26-ամյա բնակիչները, գումարային հարցի շուրջ պարզաբանումներ կատարելու նպատակով հանդիպել են Վանաձոր քաղաքի Բաղրամյան պողոտայի վերջնամասում գտնվող գազալցակայանի մոտ, որտեղ նշված հարցի շուրջ առաջացած վիճաբանության ընթացքում 28-ամյա երիտասարդը նախապես իր մոտ եղած սուր կտրող-ծակող առարկայով, առողջությանը վնաս պատճառելու դիտավորությամբ, հարվածել է 26-ամյա երիտասարդի որովայնին՝ վերջինիս առողջությանը պատճառելով ծանր վնաս:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ Լոռու մարզի 28-ամյա բնակչին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով (դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը): Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:

Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան: