Նոյեմբերի 9-ին Նիկոլ Փաշինյանի ստորագրած պարտության համաձայնագրի կետերով՝ Սյունիքի մոտ 30 գյուղ դառնում է սահմանամերձ, քանի որ դրանց սահմանակից արցախյան մի շարք շրջաններ անցան Ադրբեջանի վերահսկողության տակ: Այժմ սահմաններն այնտեղ են, որտեղ ավարտվել է պատերազմը, և որտեղ կանգնած են զինվորականներ ու կամավորները:
Այսուհետ սահմանամերձ են
Մեղրի խոշորացված համայնքի Նռնաձոր գյուղը,
Կապան համայնքի՝ Ներքին Հանդ, Սրաշեն, Շիկահող, Ճակատեն, Սյունիք, Խնդրանց, Ագարակ, Եղվարդ, Դավիթ Բեկ, Ուժանիս, Աղնուտ բնակավայրերը,
Գորիս խոշորացված համայնքի Բարձրավան, Որոտան, Շուռնուխ, Խոտ, Քարահուջ, Հարթաշեն, Ներքին Խնձորեսկ, Խնձորեսկ, Կոռնիձոր, Արամուս, Տեղ, Խնածախ, Խոզնավար, Ակներ բնակվայրերը:
Սյունիքի՝ ամենամոտ սահմանամերձ համայնքը Սյունիք բնակավայրն է, որի հեռավորությունն այժմյան սահմանից 1-2 կմ է:
Կապան համայնքն ունի սահմանամերձ տասնմեկ բնակավայր, և գրեթե բոլորն էլ արդեն մոտեցել են Ադրբեջանի սահմանին։ Ամենամոտ գտնվողը Ներքին Հանդն ու Դավիթ Բեկն են՝ 2-3 կմ։ Կապան համայնքի բնակավայրերից Ադրբեջանի սահմանին են մոտեցել նաև Կաղնուտ, Ագարակ, Եղվարդ, Ուժանիս, Սյունիք Սովխոզ, Ճակատեն, Շիկահող, Սրաշեն և Ծավ բնակավայրերը:
Բնակիչների անվտանգության խնդիրներից զատ, գյուղատնտեսական խնդիրներն են՝ գյուղատնտեսական նշանակության հողեր, վարելահողեր, խոտհարք, արոտ: Դավիթ Բեկ բնակավայրի վարչական ղեկավարն, օրինակ, լրատվամիջոցներից մեկի հետ զրույցում նշել էր, որ 300 հեկտար հողատարածքները մինչեւ վերջերս մշակում էին Դավիթ Բեկ բնակավայրի գյուղացիները, բայց տարածքը գտնվել է Կուբաթլուի տարածքում, պարզապես գյուղի բնակիչներն են տարիներ շարունակ մշակել։ Հիմա փաստացի այլեւս անհնար է մշակել մեր կողմից:
Խնդիրներ, որոնք հրատապ և հետևողական լուծումների կարիք ունեն: Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը, սակայն,մինչ օրս չի հստակեցրել սահմանամերձ բնակավայրերի վերջնական ցանկը և դրանց հատկացվող արտոնությունները: