կարևոր
395 դիտում, 4 ամիս առաջ --> 2020-12-03 17:02

Վազգեն Մանուկյանը ճգնաժամային իրավիճակներում երկիրը կառավարելու մեծ փորձ ունի. քաղաքագետ

Վազգեն Մանուկյանը ճգնաժամային իրավիճակներում երկիրը կառավարելու մեծ փորձ ունի. քաղաքագետ

Վազգեն Մանուկյանը ճգնաժամային իրավիճակներում երկիրը կառավարելու մեծ փորձ ունի, և այդ փորձերը հաջողված են եղել։ «Փաստինֆո»-ի հետ զրույցում այս մասին ասաց քաղաքագետ Ստեփան Դանիելյանը։

Նշենք, որ ըստ մամուլում շրջանառվող տեղեկությունների՝ Վազգեն Մանուկյանը կդառնա Հայաստանի անցումային կառավարության վարչապետի միասնական թեկնածու։ Քաղաքագետը նշեց, որ անցումային կառավարության գործողությունները նախ պետք է լինեն փլուզված կառավարման համակարգը վերականգնելը, բանակցային գործընթացը հնարավորինս հայանպաստ եղանակներով կազմակերպելը, ինչպես նաև նոր խորհրդարանական ընտրությունների պատրաստվելը։

Անդրադառնալով Վազգեն Մանուկյանի թեկնածությանը՝ քաղաքագետը նկատեց՝ նա եղել է «Ղարաբաղ» կոմիտեի ղեկավարը և արդյունքում Ղարաբաղյան շարժումը հաջողության է հասել։ Այնուհետև Վազգեն Մանուկյանը նշանակվել է Պաշտպանության նախարար և քաղաքագետի կարծիքով այդ ընթացքում ևս հաջողություններ են գրանցվել. «Քանի որ հանրության մեջ անվստահություն կա, որ եղել են քաղաքական ուժեր, որոնք թալանել են երկիրը, անարդարություններ են արել, ապա Վազգեն Մանուկյանի մասին նման խոսակցություններ չկան։ Նա ընտրություններ չի կեղծել, հակառակը՝ միշտ դրա դեմ պայքարել է և երբեք թալանով չի զբաղվել։ Համենայն դեպս ոչ ոք իրեն չի մեղադրում, որ կոռուպցիայով է զբաղվել, նման բան հանրային դիսկուրսում չկա։ Այսինքն հիմնական անվստահության կետերն այդ մարդու անվան հետ կապված չեն»,-ասաց Ստեփան Դանիելյանը՝ հավելելով, որ նա կարող է ընդունելի թեկնածու լինել և համախմբել մարդկանց, ինչպես նաև հաղթահարել երկրում ստեղծված թշնամական մթնոլորտը։

Քաղաքագետը գտնում է, որ կարևոր է՝ այդ թեկնածուն ընդունելի լինի Հայաստանի հանրության համար, քանի որ այդ դեպքում նա ընդունելի կլինի նաև մյուս արտաքին ուժերի համար։

Հարցին՝ Վազգեն Մանուկյանը որքանով ընդունելի կլինի հանրության համար՝ հաշվի առնելով այն փաստը, որ 17 կուսակցություններն են ներկայացնելու նրա թեկնածությունը, Ստեփան Դանիելյանն ասաց. «Վստա՞հ եք, որ 17 կուսակցություններն են առաջադրելու Վազգեն Մանուկյանին։ Եկեք սպասենք, տեսնենք հայտարարելու են, թե ոչ և ովքեր են հայտարարելու։ Հնարավոր է, որ դա լինի ոչ կուսակցական կողմ։ Կարող է անսպասելի զարգացումներ լինեն և այդ հայտարարությունը ոչ թե կուսակցություններն անեն, այլ ուրիշ ֆորմատով լինի»,-ասաց քաղաքագետը, ով դրական է գնահատում Վազգեն Մանուկյանի թեկնածությունը, քանի որ այս վիճակում դժվար է գտնել մարդ, որի շուրջը հանրությունը ոգևորված կերպով համաձայնության գա, որովհետև հանրային կարծիքը խիստ պառակտված է։