կարևոր
1956 դիտում, 1 տարի առաջ - 2020-12-03 16:35

Ինչպե՞ս են հասնելու Նիկոլ Փաշինյանի հրաժարականին․ Իշխան Սաղաթելյանի մեկնաբանությունը

Ինչպե՞ս են հասնելու Նիկոլ Փաշինյանի հրաժարականին․ Իշխան Սաղաթելյանի մեկնաբանությունը

Վարչապետ Փաշինյանին իշխանությունից հեռացնելու ճանապարհը հետևյալն է՝ պետք է տեղի ունենա ԱԺ նիստ, որտեղ պետք է քննարկվի Նիկոլ Փաշինյանի պաշտոնանկության հարցը: Այս մասին նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, «Հայրենիքի փրկության շարժման» համակարգող Իշխան Սաղաթելյանը։

Նա նշեց, որ կա՛մ Փաշինյանը ինքնակամ կհասկանա, կգիտակցի ու կհեռանա, կա՛մ ԱԺ նիստը կքննի նրա պաշտոնանկության հարցը։

«Հասարակական պահանջի և ճնշման տակ քաղաքական մեծամասնությունը պետք է գնա այդ տարբերակին։ Ով այսօր կողմ է Նիկոլ Փաշինյանի՝ իշխանության մնալուն, ուրեմն Նիկոլի հետ հավասար կիսում է այս ամբողջ պատասխանատվությունը»,-ասաց նա։

Հարցին՝ ինչ են անելու, եթե չհեռանա, Սաղաթելյանը պատասխանեց՝  Փաշինյանը ստիպված է հեռանալու, որովհետև ինքն այլ ճանապարհ չունի, պետք է հեռանա րոպե առաջ, պետք է հեռանա անցնցում։ Իշխան Սաղաթելյանի խոսքով՝ Նիկոլ Փաշինյանի՝ րոպե ավելի իշխանության մնալը հյուծում է մեր երկիրը, պառակտում է մեր հասարակությունը և նորանոր անվտանգային խնդիրներ է կուտակում։

ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչը նշեց, որ Փաշինյանի պաշտոնանկության հարցով ԱԺ նիստ գումարելու մասին երեկ «Լուսավոր Հայաստանի» հետ հանդիպում ունեցել է և առաջարկությունն իրենց փոխանցել, կարծիքը պետք է հարցնել իրենցից, իսկ «Բարգավաճ Հայաստանը» այս գործընթացի հիմնական ուժերից մեկն է։

«Ես վստահ եմ ձայների անհրաժեշտ քանակությունը առաջիկայում կապահովվի, որովհետև վստահ եմ, որ քաղաքական մեծամասնությունը այդ գիտակցությունը ունի և կկատարի այդ քվերակությունը՝ դրանով կփրկեն իրենք իրենց և մեր երկիրը»,-հայտարարեց Իշխան Սաղաթելյանը։

Ինչո՞ւ է «Հայրենիքի փրկության շարժումը» իբրև անցումային կառավարության վարչապետի թեկնածու ընտրել Վազգեն Մանուկյանին՝ Իշխան Սաղաթելյանը պատասխանեց․ «Վազգեն Մանուկյանը իր անցած ճանապարհով, իր կենսագրությունով, իր հմտություններով այն մարդն է, ով երկրին կբերի հանդարտություն, կայունություն, առաջիկայում կկարողանա կազմակերպել արդար, թափանցիկ ընդրություններ և Վազգեն Մանուկյանը այն թեկնածուն է, որը կարող է հաղթահարել մեր երկրի առջև այս պահին կանգնած մարտահրավերները՝ հանձինս իր գլխավորությամբ գործող ժամանակավոր կառավարության»։

Նա վստահեցրեց, որ հաջորդ ընտրություններին Վազգեն Մանուկյանը չի առաջադրվելու։

Իշխան Սաղթելյանն ասաց, որ Խորհրդի նիստում քննարկվել է նաև ճանապարհային քարտեզը, որի առաջին՝ կարևորագույն հարցը «այս ապազգային չարիքի իշխանություններին հեռացնելն է, որպեսզի մեր երկրի առջև բոլոր հարցերը կարողանանք լուծել»։

Ռազմագերիներին՝ օր առաջ Հայաստան վերադարձնելու հարցը ամենակարևոր խնդիրներից է և փորձելու են այս ուղղությամբ հնարավոր ամեն ինչ անել։