կարևոր
1242 դիտում, 1 տարի առաջ - 2020-12-03 15:41

Դեկտեմբերի 3-ը Հայաստանի Ազգային հերոս Մովսես Գորգիսյանի ծննդյան օրն է

Դեկտեմբերի 3-ը Հայաստանի Ազգային հերոս Մովսես Գորգիսյանի ծննդյան օրն է

Այսօր՝ դեկտեմբերի 3-ին, արցախյան շարժման առաջնորդներից մեկի, Հայաստանի ազգային հերոս Մովսես Գորգիսյանի ծննդյան օրն է։

Առաջիններից էր, որ դուրս եկավ պայքարի Խորհրդային միության դեմ։ Պարույր Հայրիկյանի, Անդրանիկ Մարգարյանի, Աշոտ Նավասարդյանի հետ միասին եղել է 1967 թվականին Հայկազ Խաչատրյանի ստեղծած Ազգային Միացյալ Կուսակցության (ԱՄԿ) գաղտնի կազմակերպության անդամ։ 1984 թվականին ավարտել է Երևանի պետական մանկավարժական համալսարանի մշակույթի ֆակուլտետի ռեժիսորական բաժինը։ Նույն թվականին նկարահանվել է Արման Մանարյանի և Հենրիկ Մարգարյանի «Ոսկին և հողը» ֆիլմում` մարմնավորելով Սանթուրի կերպարը:

1986-1987 թվականներին աշխատել է Գորիսի դրամատիկական թատրոնում։ 1987 թվականի սեպտեմբերին ԽՍՀՄ տարածքում առաջին բացահայտ գործող քաղաքական այլընտրանքային կազմակերպության՝ Պարույր Հայրիկյանի ստեղծած Ազգային ինքնորոշում միավորման (ԱԻՄ) վարչության անդամ էր։ Սովորել է Երևանի մանկավարժական ինստիտուտում։ Արցախյան շարժման առաջամարտիկներից էր։

Առաջինն էր, որ 1988 թվականի մայիսի 28-ին Ազատության հրապարակում եռագույնն է ծածանել։ Ստեղծել է «Անկախության բանակ» ջոկատը որպես ապագա ազգային բանակի հիմք։

1990 թվականին զոհվել է Երասխի պաշտպանության ժամանակ։ 1996 թվականի սեպտեմբերի 20-ին Հայաստանի նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հրամանագրով արժանացել է Ազգային հերոսի կոչման։ Թաղված է Ծիծեռնակաբերդում։