16.05.2022
|
||
---|---|---|
USD | 454.99 -0.95 | |
GBP | 558.18 +1.89 | |
EUR | 474.78 +1.10 | |
GEL | 153.32 +1.84 | |
RUB | 7.21 +0.14 |
Ադրբեջանական զինված ուժերի կողմից հրթիռահրետակոծությունների հետևանքով Ստեփանակերտում ավերածությունների ճշգրտումը շարունակվում է. ամեն ընտանիքի ժամանման հետ նոր վնասներ են ի հայտ գալիս: Այս մասին տեղեկացրել է Ստեփանակերտի փոխքաղապետ Սամվել Ղուլյանը՝ մանրամասնելով, որ վնասվել են բնակելի տների տանիքներ, պատուհանների ապակիներ:
«Հիմնովին ավերվել և վերակառուցման ենթակա է մոտ 40-50 տուն՝ այդ թվում 2 բազմաբնակարան շենք: Անօթևան մնացած ստեփանակերտցիներին տեղավորելու համար պետական աջակցությամբ վարձակալում և տրամադրում ենք բնակարաններ: Բացի այդ աշխատանքներ են տարվում վնասված տանիքների ու պատուհանների վերանորոգման ուղղությամբ, որից հետո կեցության բավարար պայմաններ են ստեղծվում վերադարձող մեր համաքաղաքացիների համար: Նախնական տվյալներով` թեթև վնասներ կրած բնակարանների (դռներ, պատուհաններ, տանիքներ) խնդրով քաղաքաշինության նախարարության թեժ գծին ստացվել է շուրջ 3000 հայտ: Յուրաքանչյուր վերադարձող բնակչի հետ այդ թիվը շարունակում է աճել: Որոշ չափով դեռևս վերականգնման կարիք ունեն նաև մայրաքաղաքի ենթակառուցվածքները: Փակ դռներով բնակարանների տանտերերը վերադառնալով հայտնաբերում են, որ վնասված գազատարի հետևանքով արտահոսք կա: Ընդհանուր առմամբ, գլխավոր գազատարի աշխատանքը ամբողջությամբ վերականգնված է: Ստեփանակերտի որոշ հատվածներում նաև արտաքին լուսավորության ապահովման խնդրի լուծման ուղղությամբ ենք աշխատում»,-ասել է փոխքաղաքապետը:
Անդրադառնալով Ադրբեջանի վերահսկողության տակ անցած բնակավայրերից Ստեփանակերտում ապաստանած բնակիչներին աջակցելու հարցին` Սամվել Ղուլյանը տեղեկացրեց, որ քաղաքապետարանը նրանց ապահովում է սննդով, անկողնային պարագաներով և անհրաժեշտության դեպքում նաև էլեկտրատաքացուցիչներով։