կարևոր
1898 դիտում, 2 տարի առաջ - 2020-12-02 18:13

ԱՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը հաջորդ շաբաթ մամուլի ասուլիս է հրավիրում

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի՝ դեկտեմբերի 2-ին ստորագրած հրամանագրի համաձայն՝ Վիտալի Միխայիլի Բալասանյանը նշանակվել է ԱՀ Անվտանգության խորհրդի քարտուղար: Պաշտոնը ստանձնելուց հետո Վիտալի Բալասանյանը տեղեկացրել է. 

«Այսօրվանից շարունակելու եմ իրականացնել պետականաշինությանն իմ մասնակցությունը՝ արդեն որպես ԱՀ Անվտանգության խորհրդի քարտուղար:

Կարծում եմ, որ առկա են բազմաթիվ հարցեր, որոնց պատասխաններին, իրավամբ, սպասում է մեր հանրությունը: Հանրությանը հուզող բոլոր հարցերի պատասխանների, ինչպես նաև հայկական մեծ վերափոխման հետագա աշխատանքի մասին կխոսենք հաջորդ շաբաթ՝ իմ կողմից հրավիրվող մամուլի ասուլիսի ընթացքում»:

Իսկ երեկվա գրառմամբ գեներալ Վիտալի Բալայանը մանրամասն անդրադարձել էր հետագա անելիքներին.

«Ինչ պետք է անենք.

ա/ Արցախում անհրաժեշտ է վերանայել իշխանության բոլոր օղակները։ Սա պարտադիր պայման է։ Եվ մենք պետք է իմանանք, որ պարտվել է այդ իշխանությունը, ոչ թե բանակը, ոչ թե հայը, և պարտությունը պետք է դառնա դաս։

բ/ Նոր ձևավորված պետական մարմինները պետք է ունենան կարողություն և բարոյական իրավունք՝ աշխատանքի անցնել առանց պարտվողի հոգեբանության։

գ/ Անհրաժեշտ է զինված ուժերի նոր որակական վերակառուցում։

դ/ Անհրաժեշտ է ձևավորել համահայկական նոր օրակարգ՝ Սփյուռքի և Հայաստանի, ինչպես նաև Ռուսաստանի Դաշնության հետ աշխատանքի նոր ձևաչափեր և նոր բովանդակություն։ Վերափոխված իշխանությունը ինտենսիվ և լրիվ այլ տրամաբանությամբ պետք է սկսի աշխատել Սփյուռքի հետ։

Ելնելով վերոգրյալից, անկախ իմ քաղաքական հայացքներից և իմ վերաբերմունքից Արցախի Հանրապետության ներկայիս իշխանությունների նկատմամբ.

- ԱՀ ԱԺ-ից պահանջում և հորդորում եմ իրականացնել Աժ նախագահի, Աժ նախագահի տեղակալի, մշտական գործող ԱԺ հանձնաժողովների կազմերի փոփոխություն,

- ԱՀ նախագահից՝ ձևավորել ԱՀ ազգային համաձայնության նոր կառավարություն, որտեղ ընդգրկված կլինեն մասնագիտական և բարոյական բարձր արժանիքներ ունեցող անձիք՝ ինչպես Արցախից, այնպես էլ Հայաստանից և Սփյուռքից»: