780 դիտում, 2020.12.02 17:38

Դատարանի որոշումից հետո կառավարությունը վերացրեց հավաքների կազմակերպման, անցկացման և մասնակցության սահմանափակումները

Դատարանի որոշումից հետո կառավարությունը վերացրեց հավաքների կազմակերպման, անցկացման և մասնակցության սահմանափակումները

Դեկտեմբերի 2-ից ՀՀ կառավարության որոշմամբ` հանվել են երկրում հայտարարված ռազմական դրության շրջանակներում կիրառված հավաքների և գործադուլների կազմակերպման, անցկացման և դրանց մասնակցելու արգելքը, ՀՀ տարածք մուտքի և ելքի հատուկ ռեժիմը և հրապարակումների, հաղորդումների իրականացման սահմանափակումներն ամբողջությամբ: Այս մասին որոշումը հրապարակված է կառավարության պաշտոնական կայքում:

«Հիմք ընդունելով «Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին» օրենքի 17-րդ հոդվածի 1-ին մասը և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է. 1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի սեպտեմբերի 27-ի «Հայաստանի Հանրապետությունում ռազմական դրություն հայտարարելու մասին» N 1586-Ն որոշման հավելվածի 3-րդ, 4-րդ գլուխները, ինչպես նաև 15-րդ կետն ուժը կորցրած ճանաչել: 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակվելուց հետո` անմիջապես»,- ասված է որոշման մեջ:

Հայաստանի Հանրապետությունում ռազմական դրություն է հայտարարված սեպտեմբերի 27-ից` Արցախի նկատմամբ Ադրբեջանի սանձազերծած պատերազմով պայմանավորված:

Հիշեցնենք, որ դեռ նոյեմբերի 20-ին ՍԴ-ն ՄԻՊ դիմումի հիման վրա քննվող գործով կասեցրել էր Ռազմական դրություն հայտարարելու վերաբերյալ կառավարության որոշման այն դրույթների գործողությունը, որոնք վերաբերում են ռազմական դրության ընթացքում ՀՀ տարածքում գտնվող մարդկանց, ինչպես նաև ԶԼՄ-ների ու լրագրողների կողմից կարծիք արտահայտման և մամուլի ազատության սահմանափակմանը։

Իսկ նոյեմբերի 27-ին դատարանը բավարարել էր հավաքներ իրականացնելու արգելքը վերացնելու՝ մի քանի անձանց միջնորդությունը: