կարևոր
1437 դիտում, 1 տարի առաջ - 2020-12-02 11:30

Շուրջ 50 անձի նկատմամբ տարբեր հոդվածներով քրեական գործեր են հարուցվել

Շուրջ 50 անձի նկատմամբ տարբեր հոդվածներով քրեական գործեր են հարուցվել

Ազգային անվտանգության ծառայությունը հաղորդագրություն է տարածել, որոմ նշում են, որ ՀՀ  ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում  շարունակվում է զանգվածային անկարգությունների, իշխանությունը զավթելուն, սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերի և ՀՀ Ազգային ժողովին և կառավարությանը պարտադրելու դեպքերի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 1-ին, 2-րդ և 4-րդ մասերով, 301-րդ հոդվածով և 301.1 հոդվածի 1-ին մասով հարուցված քրեական գործի նախաքննությունը, որի ընթացքում ձեռք բերված բավարար ապացույցների համակցության պայմաններում վարույթն իրականացնող մարմնի կողմից քրեական հետապնդումներ են հարուցվել զանգվածային անկարգության շուրջ հինգ տասնյակ մասնակիցների կամ կազմակերպիչների նկատմամբ, որոնցից ներկայում 18 անձի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը, իսկ մնացած անձանց նկատմամբ ընտրվել են անազատության հետ չկապված խափանման միջոցներ:

Նշվում է նաև, որ ձեռնարկված արդյունավետ քննչական և այլ դատավարական գործողությունների, ինչպես նաև դրանց զուգահեռ իրականացված օպերատիվ-հետախուզական համալիր միջոցառումների արդյունքում պարզաբանվել են նաև շուրջ 250-ից ավելի անձանց ինքնությունները, ինչպես նաև ճշտվել են զանգվածային անկարգության այլ մասնակիցների տվյալները, որոնց հայտնաբերման ուղղությամբ իրականացվում են որոնողական, փնտրողական աշխատանքներ:

Հարկ է նշել, որ քրեական գործի փաստական տվյալներով հաստատվել է, որ զանգվածային անկարգության մասնակիցները, բացի ջարդ, առանձնապես խոշոր չափերով գույքի ոչնչացում կամ վնասում և այլ նույնաբնույթ գործողություններ իրականացնելուց, օգտվելով ստեղծված իրավիճակից, ՀՀ կառավարության վարչական շենքում տեղակայված աշխատասենյակներից, ՀՀ Ազգային ժողովի շենքում գտնվող աշխատասենյակներից և նիստերի դահլիճից, կառավարական առանձնատնից շահադիտական դրդումներով բացահայտ հափշտակել են նաև առանձնապես խոշոր չափերի գույք, առևանգել են ՀՀ ԱԺ բակում կայանված պետական սեփականություն հանդիսացող ավտոմեքենաները, որոնց մի մասը քրեական գործով ձեռնարկված անհետաձգելի քննչական գործողությունների արդյունքում արդեն իսկ հայտնաբերվել և առգրավվել են:

Վերոգրյալը հիմք է տալիս վարույթն իրականացնող մարմնին ողջամիտ պնդումներ կատարելու այն մասին, որ հիշյալ անձանց կողմից զանգվածային անկարգություններին մասնակից լինելու իրական շարժառիթը պայմանավորված է եղել ոչ թե Արցախյան պատերազմի ելքով, այլ՝ նշված հանգամանքն օգտագործելու եղանակով Հայաստանի Հանրապետությունում սահմանադրական կարգը բռնի տապալմանն ու իշխանությունը զավթելուն նպաստելը, ինչպես նաև առանձնապես խոշոր չափերով գույքի բացահայտ հափշտակություններ կատարելը:

Քրեական գործով շարունակվում են ձեռնարկվել մեծածավալ օպերատիվ-հետախուզական և քննչական  գործողություններ՝ զանգվածային անկարգությունների կազմակերպիչների ունեցած դերակատարության, կատարված հանցագործությունների ամբողջական պատկերի բացահայտման, դեպքի հետ առնչություն ունեցած այլ անձանց ինքնությունները պարզելու և նրանց նկատմամբ քրեական հետապնդումներ սկսելու ուղղությամբ:

Հայտարարության ամբողջական տեքստն այստեղ: