538 դիտում, 2020.12.01 20:54

Արցախի նախկին նախագահներն ու Լևոն Տեր-Պետրոսյանը հակադարձում են Փաշինյանին (ՏԵՍԱՆՅՈւԹ)

Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանն ու Բակո Սահակյանն արձագանքել են պատերազմի դադարեցման քննարկումների մասին Նիկոլ Փաշինյանի գրառումներից որոշներին:

Նախագահների խոսքով՝ իրենք պատերազմի սկզբից մշտական կապի մեջ են եղել Արցախի նախագահի հետ, եւ ունենալով բազմաթիվ խորհրդակցություններ ռազմական գործիչների հետ՝ եզրակացրել, որ անհապաղ պետք է քայլեր ձեռնարկել պատերազմը դադարեցնելու համար, եւ բազմիցս այդ մասին հայտնել Արայիկ Հարությունյանին, որն, ըստ նախկին նախագահների, այդ եզրակացությանն է եկել հոկտեմբերի 18-ին, դիմել իրենց ու ստացել նման համաձայնություն: Կողմ են արտահայտվել նաեւ Լեւոն Տեր-Պետրոսյանը, Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը: Հոկտեմբերի 19-ին Արայիկ Հարությունյանը պատերազմի դադարեցման ու բանակցությունների վերսկսման վերաբերյալ նամակներ էր պատրաստել՝ ուղղված ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների նախագահներին եւ ՀՀ վարչապետին:

Փաշինյանը, սակայն, պատճառաբանել է, որ Ադրբեջանի քաղաքականության հետեւանքով ստեղծված իրավիճակի պայմաններում նամակները կորցրել են նպատակահարմարությունը:

«Սա է ողջ ճշմարտությունը: Ինչ վերաբերում է վարչապետի այն գրառումներին, որոնք չեն համապատասխանում իրականությանը, ապա ավելորդ շահարկումներից ու անհիմն քննարկումներից խուսափելու համար այս պահի դրությամբ նպատակահարմար ենք գտնում դրանց չանդրադառնալ»,- հայտարարել են Արկադի Ղուկասյանն ու Բակո Սահակյանը:

Մանրամասներին տեղյակ է Հայկ Սահակյանը։