կարևոր
1692 դիտում, 2 տարի առաջ - 2020-12-01 20:41

Անհետ կորածների և գերիների հարցն առաջնահերթություն է. ԱՀ նախագահը՝ ՀՀ ՊՆ ղեկավարին

Անհետ կորածների և գերիների հարցն առաջնահերթություն է. ԱՀ նախագահը՝ ՀՀ ՊՆ ղեկավարին

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը դեկտեմբերի 1-ին ընդունել է ՀՀ պաշտպանության նորանշանակ նախարար Վաղարշակ Հարությունյանին: Այս մասին տեղեկացնում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից։

Արայիկ Հարույունյանը նշել է, որ ծանր փորձությունից հետո պաշտպանության ոլորտում բազմապատիկ աշխատանք է սպասվում, և համոզմունք է հայտնել, որ Վաղարշակ Հարությունյանի ունեցած հարուստ ռազմական փորձն ու գիտելիքները մեծապես կնպաստեն գործընթացի արդյունավետ կազմակերպմանը:

Նախագահ Հարությունյանի խոսքով՝ օրակարգային առաջնահերթություն է սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի սանձազերծած պատերազմի հետևանքով անհետ կորած և գերության մեջ հայտնված զինծառայողների ճակատագրերի հարցը, որին ուղղված են բոլոր ջանքերը:

Վաղարշակ Հարությունյանն ընդգծել է նախագահի կողմից բարձրացված հարցերի կարևորությունը՝ նշելով, որ Պաշտպանության բանակի բարձրագույն հրամկազմի և շահագրգիռ կառույցների հետ իրականացվում են բոլոր անհրաժեշտ գործողությունները:

Հանդիպմանը մասնակցում էր ԱՀ Պաշտպանության բանակի հրամանատար Միքայել Արզումանյանը: