456 դիտում, 2020.12.01 19:55

Փաշինյանի հրաժարականը պահանջող 35 քաղաքացի բռնի ուժի կիրառմամբ բերման է ենթարկվել (ԼՈւՍԱՆԿԱՐՆԵՐ)

Փաշինյանի հրաժարականը պահանջող 35 քաղաքացի բռնի ուժի կիրառմամբ բերման է ենթարկվել (ԼՈւՍԱՆԿԱՐՆԵՐ)

Նիկոլ Փաշինյանը հրաժարականը պահանջող քաղաքացիները այսօր շարունակել են անհնազանդության ակցիաներ իրականացնել։ Երեկոյան Երևանի Մաշտոցի պողոտայում ՀՅԴ անդամները նախաձեռնել են բողոքի ակցիա՝ պահանջելով վարչապետ Փաշինյանի հրաժարականը: Նրանք փակել են Մաշտոցի, այնուհետև՝ Սայաթ Նովայի պողոտաները՝ վանկարկելով «Նիկո՛լ, դավաճա՛ն», «Նիկո՛լ, հեռացի՛ր»: 

Ոստիկանությունը, սակայն, բռնի ուժի կիրառմամբ բերման էր ենթարկում ակցիայի մասնակիցներին, անգամ՝ լրագրողներին և օպերատորներին: Երևանի փոխոստիկանապետ Արթուր Խուդինյանից լրագրողները հետաքրքրվեցին՝ ինչո՞ւ են ԶԼՄ ներկայացուցիչներին ապօրինաբար բերման ենթարկում, Խուդինյանը պատասխանել է․ «Պահի տակ ստացվել է»։

Ոստիկանության լրատվական բաժնից հայտնել են, որ այս պահին Ոստիկանության Երևանի մի շարք բաժիններ բերման է ենթարկել 35 անձի: Նրանց թվում են նաև պատերազմի ողջ ընթացքում առաջնագծում կռված ՀՅԴ կամավորական վաշտի տղաները, ՀՅԴ ՀԵՄ անդամներ Արգիշտի Գևորգյանը, Գոռ Սարգսյանը և ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության անդամ Գերասիմ Վարդանյանը: 

Ըստ Ոսիկանության՝ ակցիայի մասնակիցները «բերման են ենթարկվել «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 182-րդ հոդվածով (ոստիկանության զորքերի զինծառայողի կամ ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելը) նախատեսված արարք կատարելու համար», - նշել են ոստիկանությունից։ 

Հիշեցնենք, սակայն, որ նոյեմբերի 27-ին դատարանի որոշմամբ ՀՀ վարչական դատարանը բավարարել էր քաղաքացիների դիմումը, որով կասեցրել էր Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի սեպտեմբերի 27-ի «Հայաստանի Հանրապետությունում ռազմական դրություն հայտարարելու մասին» թիվ 1586-Ն որոշման հավելվածի III գլխի 8-րդ, IV գլխի 9.1-ին կետերի և 9.1-ին կետին առնչվող մասով 10-րդ կետի գործողությունը: Եվ այդուհետ «ոչ ոք իրավունք չունի ռազմական դրությամբ պայմանավորված արգելել հավաքներ կազմակերպելը, անցկացնելն ու դրանց մասնակցելը»,- նշել էր դիմումի համահեղինակ, ՀՅԴ անդամ Արծվիկ Մինասյանը: 
 

 

Ֆոտոշարք