կարևոր
2358 դիտում, 2 տարի առաջ - 2020-12-01 15:15

Դատարանն անվավեր է ճանաչել վարչապետի որոշումը և պարտավորեցրել պաշտոնյային վերանշանակել իր պաշտոնին

Դատարանն անվավեր է ճանաչել վարչապետի որոշումը և պարտավորեցրել պաշտոնյային վերանշանակել իր պաշտոնին

Վարչական դատարանի դատավոր Դանիել Դանիելյանը բավարարել է Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ Իգոր Սարգսյանի հայցն ընդդեմ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, տեղեկանում ենք Դատական տեղեկատվական համակարգից:

Իգոր Սարգսյանը հայցադիմում էր ներկայացրել ՀՀ վարչական դատարան ընդդեմ ՀՀ վարչապետի՝ խնդրելով անվավեր ճանաչել կեղծ տեղեկությունների հիման վրա Իգոր Սարգսյանին Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարի տեղակալի պաշտոնից ազատելու մասին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի 23.10.2019թ. թիվ 1539-Ա ոչ իրավաչափ որոշումը, որպես հետևանք՝ վերականգնել Իգոր Սարգսյանին Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարի տեղակալի պաշտոնում և հօգուտ Իգոր Սարգսյանի հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար, այն է՝ 27.10.2019թ-ից մինչև դատարանի վճիռն օրինական ուժի մեջ մտնելը, բռնագանձել հատուցում միջին աշխատավարձի չափով:

Իգոր Սարգսյանին Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարի տեղակալի պաշտոնից ազատելու հիմքն էր եղել «Mulberry» համակարգով ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Է.Աղաջանյանին ուղարկված թիվ 02/09.13/45555-2019 գրությունը, որում Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավար Վ.Ավետիսյանի գրությունը, որտեղ նշել էր, որ 10.09.2019թ. թիվ 02/41749-2019 գրության պահանջների կատարման համար հանձնարարվել էր Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ Իգոր Սարգսյանին ապահովելու հանձնարարականի կատարումը: 24.09.2019թ. կայացած գործակարգավարական խորհրդակցական թիվ 7 արձանագրությամբ «Լիդիան Արմենիա» ՓԲ ընկերության Ամուլսարի ոսկու հանքավայրի ստուգումների աշխատանքային խմբի ղեկավար է նշանակվել Տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ Իգոր Սարգսյանը, և հանձնարարվել է նախքան «Լիդիան Արմենիա» ՓԲ ընկերության Ամուլսարի ոսկու հանքավայրի ստուգումների գործընթացի մեկնարկը, կազմակերպել քննարկումներ, իրականացնել հանգամնալից ուսումնասիրություններ, վեր հանել առկա խնդիրները և արդյունքերը ներկայացնել Տեսչական մարմնի ղեկավարին, որին ի պատասխան՝ Ի.Սարգսյանը 30.09.2019թ. հայտնել է, որ ուսումնասիրվող նյութը շատ ծավալուն է և պահանջում է նեղ մասնագիտական, լուրջ իրավաբանական գիտելիքներ ու ուսումնասիրման ավելի երկար ժամանակ, քանի որ ինքը նախորդ ստուգումներին չի մասնակցել: Միաժամանակ հայցվորն առաջարկել է ստեղծել առնվազն երեք հոգանոց լուրջ իրավաբանների թիմ, որը հայցվորի, ստուգող խմբի ղեկավարի և անդամների հետ խորհրդակցաբար կնախապատրաստի ստուգման օրենսդրական բազան (ստուգաթերթեր, օրենսդրական փոփոխություններ, կարգեր և դրանց իրականացման մեթոդիկաներ), կապահովի ստուգման իրավաչափության հարցերը, կներկայացնի նախատեսվելիք ստուգող խմբի և հրավիրվելիք մասնագետների, փորձագետների և նրանց իրավասությունների, պատասխանատվության շրջանակները: Այնուհետև՝ Տեսչական մարմնի ղեկավարը վերոնշյալ գրության մեջ նշել է, որ ի պատասխան Ի.Սարգսյանի գրության՝ հանձնարարել է համապատասխան ընթացք տալ:
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարը զեկուցել է, սակայն իբր Ի.Սարգսյանը հանձնարարությանն ընթացք չի տվել և որպես ստուգող խմբի ղեկավար՝ իբր չի կատարել իր վրա դրված պարտականությունները: Տեսչական մարմնի ղեկավարը միջնորդել է ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարին քննարկել Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ Իգոր Սարգսյանի հետագա պաշտոնավարման նպատակահարմարության հարցը:

Դատարանն արձանագրել է, որ խախատվել է Իգոր Սարգսյանի աշխատանքային իրավունքների պաշտպանության հիմնարար իրավունքը և Իգոր Սարգսյանի հայցը բավարարել:

Դատարանը, 2020թ.-ի հոկտեմբերի 29-ի որոշմամբ, վճռել է՝ Հայաստանի Հանրապետության վարչապետի 23.10.2019 թվականի «Իգոր Սարգսյանին Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարի տեղակալի պաշտոնից ազատելու մասին» թիվ 1539-Ա որոշումը ճանաչել անվավեր:

Վարչապետին պարտավորեցնել Իգոր Սարգսյանին վերականգնել նախկինում զբաղեցրած՝ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարի տեղակալի պաշտոնում:

Հայաստանի Հանրապետության վարչապետին պարտավորեցնել Իգոր Սարգսյանին հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար վճարել հատուցում՝ միջին աշխատավարձի չափով, մինչև դատարանի վճիռն օրինական ուժի մեջ մտնելը:

Վճիռն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից մեկ ամիս հետո և նույն ժամկետում կարող է բողոքարկվել Հայաստանի Հանրապետության վերաքննիչ վարչական դատարան: