Ադրբեջանում գտնվող հայ ռազմագերիներին հայրենիք վերադարձնելու հարցում աջակցելու կոչով մի խումբ արվեստի գործիչներ՝ դերասաններ, երաժիշտներ, երգիծաբաններ և նրանց աջակցող քաղաքացիներ դեկտեմբերի 1-ին նամակ են հանձնել ԱՄՆ դեսպանատանը:
Լրագրողների հետ զրույցում ՀՀ ժողովրդական արտիստ Հրանտ Թոխատյանն ասաց, որ հանդիպել են դեսպանատան դիվանագիտական կորպուսի ներկայացուցչի հետ, որին հանձնել են նամակը, որը պետք է փոխանցվի դեսպանին՝ Լին Թրեյսիին: «Ես ասացի, որ պատասխան ենք ակնկալում: Դեսպանատնից ասացին՝ երբ դեսպանը ծանոթանա նամակի բովանդակությանը, կարձագանքի»,-նշեց դերասանը:
Նա ընդգծեց, որ հավաքվել են մարդիկ, որոնք ցանկանում են գտնել իրենց հարազատներին: Թոխատյանի խոսքով՝ գերիների վերադարձի հարցը հրատապ է, և այն հուզում է բոլորին: «Կա՞ արդյոք մեր հանրապետությունում մի մարդ, որը մտահոգված չէ այս խնդրով: Օր առաջ մեր գերիները պետք է վերադառնան: Անհրաժեշտ է հարազատներին վերադարձնել նաև զոհված տղաների դիերը»,-ասաց Թոխատյանը:
Անդրադառնալով հետագա անելիքներին՝ ՀՀ ժողովրդական արտիստը նշեց՝ երբ լինեն պատասխաններ ՀՀ-ում ՌԴ, Ֆրանսիայի և ԱՄՆ-ի դեսպանատներից, ինչպես նաև այն միջազգային կազմակերպություններից, որոնց նամակներ են ուղարկել, ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի, ՄԻԵԴ-ում Հայաստանի ներկայացուցչի գրասենյակների հետ համագործակցելով կփորձեն օգտակար լինել այս գործընթացին:
«Մեր հայրենակիցներն իրենց ձայնն են բարձրացնում ԱՄՆ-ում, ՌԴ-ում և եվրոպական այն երկրներում, որոնցում հայկական համայնքներն ամուր են, միասնական: Մեր հայրենակիցներից որևէ մեկին տրվող պատասխանը համարում ենք պատասխան նաև մեզ համար»,-եզրափակեց դերասանը:
Պրոդյուսեր Արմեն Գրիգորյանն էլ հավաստիացրեց, որ արձագանքներ անպայման կլինեն և՛ ուժեղ, և՛ թույլ, բայց շատ կարևոր է, որ այս գործընթացը շարունակական լինի ու չդադարի, որ ոչ ոք չմտածի, թե մոռացել ենք մեր գերիների մասին:
Հայ ռազմագերիների խնդրով արվեստի գործիչները նոյեմբերի 29-ին նամակ էին հանձնել ՀՀ-ում ՌԴ դեսպանություն, նոյեմբերի 30-ին՝ ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանություն: