կարևոր
2334 դիտում, 1 տարի առաջ - 2020-12-01 12:48

Բերձորում իջեցվել է Արցախի Հանրապետության դրոշը

Բերձորում իջեցվել է Արցախի Հանրապետության դրոշը

Բերձորի բնակիչներից շատերը ներկայումս գտնվում են քաղաքում: Այս մասին տեղեկացրել է Բերձորի քաղաքապետ Նարեկ Ալեքսանյանը: Ռուս խաղաղապահները երեկ տեղեկացրել են, որ քաղաքում ոչ մի կողմի դրոշներ չպետք է լինեն, ուստի Արցախի Հանրապետության դրոշը իջեցվել է:

«Այդուհանդերձ ռուս խաղաղապահները չեն հստակեցրել ադրբեջանական զինված ուժերը մուտք գործելո՞ւ են Բերձոր, թե՞ ոչ: Անվտանգության նկատառումներով հնարավոր է կանայք և երեխաները հեռացել են Բերձորից, սակայն շատերը մնացել են: Ինչ վերաբերում է երեկվանից շրջանառվող լուրերին թե 200 բնակիչ պետք է մնա քաղաքում որպես խաղաղապահներին սպասարկող անձնակազմ, ապա դրա մասին ես տեղեկություն չունեմ: Ամեն դեպքում այս պահին քաղաքում մնացած բնակիչներն ավելի շատ են, քան 200-ը: Անձամբ ես նույնպես Բերձորում եմ», -մանրամասնեց քաղաքապետը՝ հավելելով, որ մինչ այս պահը որևէ խնդիր չի եղել:

Բերձորում այժմ ռուս խաղաղապահներն են կանգնած, իսկ իրենք առայժմ սպասում են  իրադարձությունների հետագա ընթացքին:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ին ստորագրված եռակողմ հայտարարության համաձայն՝ դեկտեմբերի 1-ին Բերձորի (Լաչինի) շրջանը պետք է հանձնվեր ադրբեջանցիներին՝ հայկական կողմին թողնելով 5 կմ լայնությամբ միջանցք։