կարևոր
1306 դիտում, 1 տարի առաջ - 2020-11-30 22:04

Արա Այվազյանը հեռախոսազրույց է ունեցել Միացյալ Թագավորության Եվրոպական հարևանության և Ամերիկայի հարցերով մշտական քարտուղարի հետ

Արա Այվազյանը հեռախոսազրույց է ունեցել Միացյալ Թագավորության Եվրոպական հարևանության և Ամերիկայի հարցերով մշտական քարտուղարի հետ

Նոյեմբերի 30-ին ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանը հեռախոսազրույց է ունեցել Միացյալ Թագավորության Եվրոպական հարևանության և Ամերիկայի հարցերով մշտական քարտուղար Ուենդի Մորթնի հետ։

Զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել Արցախի ներկայիս իրավիճակին և տարածաշրջանային զարգացումներին։ Նախարար Այվազյանն իր զրուցակցին է ներկայացրել օտարերկրյա զինյալ ահաբեկիչների մասնակցությամբ թուրք-ադրբեջանական ագրեսիայի հետևանքով Արցախում ստեղծված հումանիտար ճգնաժամը և դրա հաղթահարման ուղղությամբ ձեռնարկվող քայլերը։ Այս համատեքստում ԱԳ նախարարն ընդգծել է տեղահանված արցախահայերի՝ իրենց հայրենիք վերադառնալու համար պայմանների ստեղծման և ապահովմանն ուղղված քայլերում միջազգային համապատասխան կառույցների ներգրավվածության կարևորությունը:

Նախարար Այվազյանն ընդգծել է արցախահայության իրավունքների վերականգնման և հասցեագրման առաջնահերթությունը, այդ թվում՝ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի ճանաչման միջոցով:

Կողմերն անդրադարձել են պատերազմից հետո Հարավային Կովկասում կայունության վերականգնմանն ու պահպանմանը: Այս առիթով ՀՀ ԱԳ նախարարը նշել է, որ Թուրքիայի ծավալապաշտական նկրտումները կարող են խիստ կործանարար հետևանքներ ունենալ ողջ տարածաշրջանի համար։