կարևոր
1964 դիտում, 2 տարի առաջ - 2020-11-30 21:14

ՀՀ ՊՆ ղեկավարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են պաշտպանական համագործակցության նոր ընթացքի հնարավորությունը

ՀՀ ՊՆ ղեկավարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են պաշտպանական համագործակցության նոր ընթացքի հնարավորությունը

ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը նոյեմբերի 30-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսիին: Այս մասին տեղեկացնում են ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։

Դեսպան Թրեյսին շնորհավորել է Վաղարշակ Հարությունյանին պաշտպանության նախարարի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և մաղթել հաջողություններ:

ԱՄՆ դեսպանի խնդրանքով պաշտպանության նախարարը ներկայացրել է ռազմական գործողությունների դադարից հետո ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքը: Որպես առաջնահերթություն, առանձնացվել է գերիների վերադարձման, անհայտ կորածներին հայտնաբերման և զոհվածների դիերի փոխանակման հարցը, նշված ուղղություններով ԿԽՄԿ, ՌԴ ՊՆ և Արցախում տեղակայված ՌԴ խաղաղապահ զորախմբի հրամանատարության հետ իրականացվող ինտենսիվ աշխատանքները: 

Պաշտպանության նախարարը տեղեկացրել է նաև, որ կատարվում է ռազմական գործողությունների վերլուծություն և բացթողումների գնահատում, ինչը կարող է հանգեցնել ինչպես կառուցվածքային, որոշումների կայացման ընթացակարգերի, մարտավարության, այնպես էլ օրենսդրական փոփոխությունների:

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև պաշտպանության բնագավաոռւմ հայ-ամերիկյան համագործակցությանը նոր ընթացք հաղորդելու հնարավորությունները: Կողմերը համաձայնել են, որ լրացուցիչ քննարկումների արդյունքում կնախաձեռնվեն համագործակցության նոր՝ կողմերի առաջնահերթ շահերից և հետաքրքրություններից բխող ոլորտներ և ուղղություններ: