կարևոր
1503 դիտում, 1 տարի առաջ - 2020-11-30 20:10

Մի քանի ժամ է մնացել, բայց Բերձոր քաղաքի կարգավիճակի վերաբերյալ իշխանությունները դեռ հստակ պատասխան չունեն

Մի քանի ժամ է մնացել, բայց Բերձոր քաղաքի կարգավիճակի վերաբերյալ իշխանությունները դեռ հստակ պատասխան չունեն

Չնայած մի քանի ժամ է մնացել Լաչինի շրջանը ադրբեջանական կողմին հանձնելու վերջնաժամկետին, դեռևս պաշտոնական տեղեկություն չկա, թե ինչ սպասվում Բերձոր քաղաքին։ Նոյեմբերի 9–ին ստորագրված եռակողմ հայտարարությամբ Լեռնային Ղարաբաղի Լաչինի շրջանը մինչև 2020 թ. դեկտեմբերի 1-ը հանձնվում է Ադրբեջանին: 

Ինչպես նոյեմբերի 26-ին էինք տեղեկացրել, Քաշաթաղի շրջանի վարչակազմը հայտարարությամբ փորձել էր հերքել, այնուհետև շատ արագ ջնջել այն տեղեկությունները, որ Բերձորը ևս անցնելու է ադրբեջանցիներին:  «Սա դեռ վարկած է,որի հերքման կամ հաստատման մասին առայժմ ոչինչ ասել չենք կարող,ըստ այդմ՝ ոչ ոքի չէինք կարող «հրամայել» որ լքեն քաղաքը։Բերձոր քաղաքի հետագա կարգավիճակը պարզելու ուղղությամբ տարվում են քննարկումներ, բանակցություններ, որոնց արդյունքի մասին, հույս ենք հայտնում,որ ԱՀ կառավարությունը ժամանակին կհայտարարի և հնարավորինս ոչ ոք չի տուժի»,- նշված էր հայտարարության մեջ:

Այսօր սակայն նույն անորոշ վիճակն է քաղաքում: Սեմյոն Պեգովը, ով այսօր Լաչինի շրջանում է՝ Բերձորում հայտնում է, որ ռուս խաղաղապահներն արդեն այնտեղ են, սակայն բնակիչներից շատերը դեռ այնտեղ են: «Հիմնական ինտրիգն այն է՝ արդյոք բնակիչները կմնա՞ն, քաղաքը կշարունակի՞ մնալ Արցախի իշխանությունների հսկողության տակ, քանի որ այն ընդգրկվում է Լաչինի 5 կիլոմետրանոց միջանցքում, որը  կապահովի Լեռնային Ղարաբաղի կապը Հայաստանի հետ, թե՞ որպես վարչական  միավոր կդառնա Ադրբեջանի մաս»,- տեսանյութում մանրամասնում է WarGonzo նախագծի հեղինակը։

Բերձորում գտնվող Արմանը Ղարիբյանը հայտնում է, որ Քաշաթաղի վարչակազմի աշխատակազմի ղեկավար Դավիթ Դավթյանի խոսքով՝ վարչակազմը 200 հոգանոց ցուցակ է տրամադրել ռուս խաղաղապահներին, որպեսզի Բերձորը սպասարկող (աղբահանություն, ջրամատակարարում, սանիպետկայան և այլն) անձնակազմին անցաթուղթ տրամադրեն Բերձորում գտնվելու նպատակով։ Իսկ հիմնական բնակչությունը պետք է դուրս գար այսօր՝ մինչև 18։00։ Դավթյանի խոսքով՝ ռուս խաղաղապահներն արդեն իջեցրել են Բերձորի քաղաքապետարանի շենքի վրա ծածանվող Արցախի դրոշը, իսկ վարչակազմի շենքի վրայի դրոշը դեռ տեղում է։

Քաշաթաղի շրջանի վարչակազմի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Մուշեղ Ալավերդյանն էլ Tert.am-ի հետ զրույցում ասել է, որ ամեն ինչ իր հունով գնում է: Հարցին, թե տեղեկություն կա, որ Բերձոր, Սուս և Աղավնո համայքների բնակիչներն ասել են, որ 18:00-ից պետք է լքեն իրենց բնակարանները, Ալավերդյանը հերքել է.«Հերքում եմ այդ լուրերը, նման բան չկա, գուցե ոմանք սեփական նախաձեռնությամբ լքել են տարածքը»:

«Պայմանավորվածություն, անվտանգության երաշխիքներ ես չունեմ, բայց, ամեն դեպքում, չենք պատրաստվում լքել բնակավայրը։ Միգուցե, վերադասն ունի։ Բանակցությունները վարում է հայկական դիվանագիտական կորպուսը, դիվանագիտական խողովակներով թե ինչ համաձայնություն ունեն այս պահի դրությամբ՝ տեղյակ չեմ։ Լաչինի միջանցքի՝ ռուսական խաղաղապահ առաքելություն իրականացնող զորամիավորման հրամանատարության հետ այսօր դեռևս չեմ հանդիպել։ Երեկ հանդիպել եմ։ Հստակ ինֆորմացիայի չեմ տիրապետում, ամեն դեպքում, չունեմ պաշտոնական տարհանման հրաման։ Աղավնո, Սուս և Բերձոր համայնքների բնակիչներին խորհուրդ ենք տալիս մնալ և ապրել իրենց բնակավայրերում։ Համաձայնագրի համաձայն՝ ամսի 9-ի, այս շրջանն արդեն հստակ է, որ անցնում է ռուս խաղաղապահների վերահսկողության ներքո», - Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում էլ հավելել է Մուշեղ Ալավերդյանը։