կարևոր
714 դիտում, 10 ամիս առաջ - 2020-11-30 10:16

Մենք պարտավոր ենք լավագույնս կատարել մեր գործառույթն ու պարտականությունները. ԱՀ ոստիկապետի ուղերձը Ոստիկանության օրվա առթով

Մենք պարտավոր ենք լավագույնս կատարել մեր գործառույթն ու պարտականությունները. ԱՀ ոստիկապետի ուղերձը Ոստիկանության օրվա առթով

ԱՀ ոստիկանության պետ, գեներալ-մայոր Աշոտ Հակոբջանյանի շնորհավորական ուղերձը ոստիկանության օրվա առթիվ

Արցախի Հանրապետության ոստիկանության հարգելի իմ ծառայակից ընկերներ և վետերաններ. Սեպտեմբերին Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված լայնածավալ պատերազմի արդյունքում մենք այսօր ունենք լրջագույն կորուստներ եւ բազմապիսի խնդիրներ ու դժվարություններ: Այդ համատեքստում հասկանալի է, որ այս տարի չենք կարող նախորդ տարիների նման ընդգծել օրվա խորհուրդն ու նշանակությունը: Մեր ժողովրդի առջև այժմ ծառացել են շատ ու շատ խնդիրներ, որոնք արագ եւ հրատապ կարգով լուծման կարիք ունեն: Այժմ էլ թե՛ Արցախում, թե՛ մայր Հայաստանում հայտարարված ռազմական դրությունը պահպանվում է: Արտաքին մարտահրավերներն ու հայ ժողովրդի գոյությունը կասկածի տակ դնող վտանգները չեզոքացված չեն:

Հարգելի գործընկերներ, այս ճգնաժամային ու հետպատերազմական շրջանում բոլորիս պարտքն է լծվել հայրենաշինության, ուժերի վերականգնման ու ծաղկման, տնտեսության եւ ռազմուժի հզորացման, համազգային միասնությունը վերագտնելու գործին: Մենք պարտավոր ենք լավագույնս կատարել մեր գործառույթն ու պարտականությունները: Այդ կլինի մեր հարգանքի տուրքը զոհված մեր եղբայրներին, ընկերներին ու հարազատներին, մեր պարտքը տալու մի յուրօրինակ ու համարժեք ձև: Մենք մեծ վիշտ ենք ապրում, խոնարհվում ենք պատերազմի օրերին հերոսի մահով ընկած մեր 11 գործընկերների առաջ, աղոթում ենք 3 տասնյակից ավել վիրավոր գործընկերների շուտափույթ ապաքինման ու առողջացման համար, հույսով, որ օր առաջ կվերադառնան մեր շարքերը: Բայց, ինչպես Մովսես Գորգիսյանը կասեր. «Սուգը հավերժ է, եթե պայքար չկա»: Մենք հանուն մեր ընկերների ու մեր երեխաների ապագայի այսօրվանից պետք է բռնենք պայքարի ճանապարհը, սխալներից դաս քաղելու եւ ապագան նորովի կերտելու ուղին: Մեր սրտերում վառ պահելով մարտերում ընկած քաջորդիների հիշատակը, այսօր մեր ողջ ուժ դնենք հայրենիքը փրկելու եւ շենացնելու նվիրական գործին: Համոզված եմ, որ մեր համազգային իղձերի իրականացման գործում իր նշանակալի ավանդն ու դերն է ունենալու նաեւ ոստիկանը:

Եւս մեկ անգամ շնորհավորում եմ այս օրվա կապակցությամբ: Ձեզ մաղթում եմ ոգու կորով, անկոտրում կամք, վճռականություն եւ ամենայն բարիք:

Ամենակալ Տերը պահապան մեզ եւ հայ ժողովրդին: