448 դիտում, 2020.11.29 11:25

Ռուսաստանցի բժիշկների առաջին ստորաբաժանումները ժամանել են Լեռնային Ղարաբաղի մայրաքաղաք Ստեփանակերտ

Ռուսաստանցի բժիշկների առաջին ստորաբաժանումները ժամանել են Լեռնային Ղարաբաղի մայրաքաղաք Ստեփանակերտ

Արեւելյան ռազմական օկրուգի հատուկ նշանակության բժշկական ջոկատի առաջին ստորաբաժանումները ժամանել են Լեռնային Ղարաբաղի մայրաքաղաք Ստեփանակերտ՝ տեղի բնակչությանը օգնություն ցուցաբերելու համար: Այս մասին հայտնում են Ռուսաստանի պաշտպանության նախարարությունից:

Հաղորդագրության մեջ ասվում է, որ ՀՆԲՋ-ի ստորաբաժանումները շարասյան կազմում, տեխնիկայով մեկ օրում 300 կիլոմետրանոց երթ են կատարել Երեւանից Ստեփանակերտ: Ավելի վաղ ռազմական բժիշկները ռազմատրանսպորտային ավիացիայի Իլ-76 ինքնաթիռներով Խաբարովսկ քաղաքի օդանավակայաններից տեղափոխվել էին Երեւան:

Շարասյունն ուղեկցել է ՌԴ խաղաղապահ զորախմբի և ռազմական ոստիկանության պարեկները։

ՀՆԲՋ-ի առաջին ստորաբաժանման կազմում են ժամանել 60-ից ավելի բժիշկներ, այդ թվում ՝ ռազմական վիրաբույժներ, անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգներ, թերապեւտներ եւ համաճարակաբաններ:

Մասնագիտացված բժշկական կետում կտեղադրվեն բոլոր անհրաժեշտ բժշկական սարքավորումները որակյալ բժշկական օգնություն ցուցաբերելու համար:

Ռուսաստանի Դաշնության նախագահի, Ադրբեջանի Հանրապետության նախագահի և Հայաստանի Հանրապետության վարչապետի համատեղ հայտարարության մեջ նշված պայմանավորվածություններին համապատասխան՝  նոյեմբերի 10-ին, Երևանի ժամանակով 01: 00-ից հայտարարվել է Լեռնային Ղարաբաղում կրակի և բոլոր ռազմական գործողությունների լիակատար դադարեցում:

Լեռնային Ղարաբաղում կրակի եւ ռազմական գործողությունների դադարի վերահսկման համար տեղակայված է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբը: