474 դիտում, 2020.11.27 21:15

Վարչապետը ԿԽՄԿ ներկայացուցիչներին մտահոգություն է հայտնել աշխատանքների ծավալների կապակցությամբ

Վարչապետը ԿԽՄԿ ներկայացուցիչներին մտահոգություն է հայտնել աշխատանքների ծավալների կապակցությամբ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Կարմիր Խաչի Միջազգային Կոմիտեի (ԿԽՄԿ) ներկայացուցիչներին՝ Հայաստանում ԿԽՄԿ-ի պատվիրակության ղեկավար տիկին Քլեր Մեյթրոյի գլխավորությամբ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։

Վարչապետը մտահոգություն է հայտնել գերեվարված անձանց հետվերադարձի ապահովման, անհետ կորածների և դիերի որոնողական աշխատանքների իրականացման ուղղությամբ տարվող աշխատանքների ծավալների կապակցությամբ: Նիկոլ Փաշինյանն ընդգծել է ԿԽՄԿ-ի ռեսուրսների, այդ թվում՝ մարդկային, ավելացման անհրաժեշտությունը և նշել, որ ՀՀ կառավարությունը ևս պատրաստ է ներդնել բոլոր ջանքերը՝ նպաստելով վերը նշված աշխատանքների առավել արդյունավետ և արագ իրականացմանը: Վարչապետը նշել է ԿԽՄԿ-ի ներկայացուցիչների կողմից  գերեվարված անձանց վիճակի, առողջության, պահման պայմանների  վերաբերյալ պարբերական տեղեկատվության տրամադրման կարևորությունը:

Քլեր Մեյթրոն մանրամասն վարչապետին է ներկայացրել իրենց աշխատանքների ընթացքը, տեղեկատվություն տրամադրել հայ գերիների հետ հանդիպումների մասին: Հայաստանում ԿԽՄԿ-ի պատվիրակության ղեկավարը գոհունակություն է հայտնել Լեռնային Ղարաբաղի իշխանությունների՝ Պաշտպանության բանակի, Արտակարգ իրավիճակների նախարարության, Հայաստանի պաշտպանության նախարարության և ռուս խաղաղապահների հետ համագործակցությունից: Միաժամանակ, անհետ կորածների և դիերի հայտնաբերման ամենօրյա աշխատանքների հարցում տիկին Մեյթրոն առանձնակի ընդգծել է ՀՀ ՊՆ-ի կողմից կոնկրետ տեղանքների նշումներով տրամադրված քարտեզի կարևորությունը, ինչը մեծացնում է որոնողական աշխատանքների արդյունավետությունը:  Որոնողական աշխատանքների առավել արագ իրականացման հարցում որպես խոչընդոտ նա նշել է ականապատված տարածքների, ինչպես նաև եղանակային վատ պայմանների առկայությունը:       

Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են վերը նշված հարցերում արդյունավետ համագործակցությանը, գերիների փոխանակման ուղղությամբ աշխատանքների ընթացքին վերաբերող մի շարք հարցեր: