1082 դիտում, 2020.11.26 21:43

ԱԳ նախարար նշանակվելու նախապայմա՞նն է՝ ամեն գնով անձնական պաշտպանության տակ առնել վարչապետ Փաշինյանին՝ նույնիսկ բանակի պես ինստիտուտին ոտնատակ տալով. Տիգրան Աբրահամյան

ԱԳ նախարար նշանակվելու նախապայմա՞նն է՝ ամեն գնով անձնական պաշտպանության տակ առնել վարչապետ Փաշինյանին՝ նույնիսկ բանակի պես ինստիտուտին ոտնատակ տալով. Տիգրան Աբրահամյան

Արցախի նախագահի անվտանգության հարցերով նախկին խորհրդական, «Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար Տիգրան Աբրահամյանը դիմում է Պաշտպանության նախարարին և Զինված ուժերի գլխավոր շտաբի պետին.

«Պաշտպանության նախարար, ԶՈՒ գլխավոր շտաբի պետ,

ձեր գործընկերը՝ արտգործնախարար Արա Այվազյանն, այսօր անդրադառնալով Արցախում ծավալված ռազմական գործողությունների վերաբերյալ հարցին, նշել է, որ «ռազմադաշտում ունեցել ենք ձախողում»։ Միաժամանակ նախարարը պնդել է՝ «դիվանագիտության մեջ մենք ձախողում չենք ունեցել»:

Քանի որ նոր ԱԳ նախարարն անթաքույց ձևով փորձում է իրադարձությունների ողջ մեղավորությունը մեր զինված ուժերի վրա բարդել, ուզում էի հասկանալ, արդյո՞ք այստեղ ասելիք չեք տեսնում։

Ես դեռ չեմ խոսում մեր արտգործնախարարության՝ վերջին 2,5 տարվա տապալումների մասին, դրա մասին շատերը գիտեն, իմաստ էլ չկա նորից վերհիշելու, սակայն խիստ մտահոգիչ եմ համարում ԱԳ նախարարի այս խիստ տարօրինակ պահվածքը։

Եթե նույնիսկ զինված ուժերը ձախողումներ են ունեցել, չեմ հասկանում, թե ինչու է դրա մասին այս պահին խոսում ԱԳ նախարարը, ինչ խնդիր է լուծում, ում է ցավեցնում։

Միգուցե ԱԳ նախարար նշանակվելու նախապայմանն է՞ դա՝ ամեն գնով անձնական պաշտպանության տակ առնել վարչապետ Փաշինյանին՝ նույնիսկ բանակի պես ինստիտուտին ոտնատակ տալով։

Փաստորեն ով տեղից վեր է կենում իր սուրբ պարտքն է համարում մի հատ հարվածի բանակին ու անցնի իր գործերով․ կապ չունի՝ առիթ կա՞, թե՞ չէ»։