Հայաստանի Հանրապետության տարածք ադրբեջանցի զինծառայողների մուտքը հաստատող լուրերը, տեսանյութերն ու գրառումները, համայնքապետի և բնակիչների հավաստումներն արդեն մի քանի ժամ է տարածվում են, սակայն Պաշտպանության նախարարությունը հերքում է դրանք, միաժամանակ հավաստելով, որ ընթանում են սահմանի վերջնական ճշգրտման աշխատանքներ:
ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Գևորգ Ալթունյանն ասել է.
«Դարպասը կոտրելու մասին, բնականաբար, խոսք չկա: Այնտեղ Հայաստանի և Ադրբեջանի սահմանի վերջնական ճշգրտման հարցն է քննարկվում՝ նաև արբանյակային կապի միջոցներով, GPS նավիգատորներով: Այդ աշխատանքներն են ընթանում, դարպասներ կոտրելու մասին խոսք չկա»,-ասել է Ալթունյանը:
Նա պարզաբանել է խնդիրը. «Քանի որ Հայաստանն այդ ուղղությամբ Ադրբեջանի հետ սահման չի ունեցել մինչև հիմա, այսինքն ՀՀ-ից հետո եղել է Արցախը, հիմա սահմանագծի ճշգրտման խնդիր է առաջացել: Այդ աշխատանքներն են իրականացվում»: