6430 դիտում, 2020.11.26 18:45

Սոթքի գյուղապետը հաստատում է, Պաշտպանության նախարությունը հերքում է, քաղաքացիները փաստարկում են

Սոթքի գյուղապետը հաստատում է, Պաշտպանության նախարությունը հերքում է, քաղաքացիները փաստարկում են

Սոթքի գյուղապետ Հակոբ Ավետյանը հաստատում է՝ ադրբեջանցիները մուտք են գործել Սոթքի հանքի տարածք։ «Ինֆորմացիան ճիշտ է, բայց այնպես չէ, որ այս պահին կրակոցներ կամ ինչ-որ հարձակում է, եկել են, դիրքավորվել են ու պահանջել են տարածքն ազատել։ Հիմա բանակցություններ են գնում», - Aysor.am-ի հետ զրույցում ասաց Սոթքի համայնքապետ Հակոբ Ավետյանը։ Նա նշեց, որ առանց ռուս խաղաղապահների իրավիճակը չի կարող լավ ավարտվել։

Ավետյանի խոսքով՝ հանքի աշխատակիցները լքում են տարածքը, սակայն որևէ մեկին որևէ վտանգ չի սպառնում։ 

Գեղամասար խոշորացված համայնքի ղեկավար Հակոբ Ավետյանը Հետք-ի հետ զրույցում ևս հաստատել է. «Տեղում ներկա են ՊՆ ներկայացուցիչները, իսկ ինքը կամ համայնքապետարանի որևէ ներկայացուցիչ չի մասնակցում սահմանազատման գործընթացին: Ավելին, իր նկատմամբ հարուցված քրեական գործի շրջանակներում Երևան հարցաքննության էր հրավիրվել, և մանրամասներին տեղյակ չէ:  «Սահմանն են ֆիքսում, արդեն դիրքավորվում են` մերոնք մեր կողմից, իրենք` իրենց կողմից: Հանքավայրի էդ մասից սահմանն է գծվում, չգիտեմ ինչքանն է մեզ մնում, ինչքանը` իրենց»,- ասել է համայնքապետը:

Ավելի վաղ Պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն էր տարածել, որոմ նշել էր. «տարբեր լրատվամիջոցներով շրջանառվող լուրերը, թե ադրբեջանցի զինվորականներ են ներխուժել Սոթքի ոսկու հանքավայր և աշխատակիցներից պահանջել ազատել տարածքը` չեն համապատասխանում իրականությանը»:

Հիշեցնենք, որ ԱԺ պատգամավոր Թագուհի Թովմասյանը Ազգային ժողովի նիստում հայտնել էր՝ Քարվաճառում դրված դարպասները կոտրվել են, ադրբեջանցիներն առաջ են գալիս: Թովմասյանն ասաց, որ խոսել է կորպուսի հրամանատարի հետ, նա Սոթքի հանքի մասով տեղեկությունները չհաստատեց, սակայն այն, որ դարպասները կոտրվել են ու ադրբեջանցիներն առաջ են գալիս, դարպասներն այլ տեղ են դրվելու, դա հաստատվել է: Մեկ այլ պատգամավոր, ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Հարություն Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Հենց նոր տեղեկացրեցին, որ Սոթքի ոսկու հանք են ներթափանցել 80 ազերի զինվորական։ Էդ ո՞ր պայմանագրով ենք կողմնորոշվում, ո՞վ պիտի վերահսկի պայմանագրի կատարումը ։ Պատկան մարմիններ արձագանքեք»։ 

Համացանցում Վարդենիսի Սոթքի ոսկու հանքի մատույցներում ադրբեջանցի զինծառայողներին արձանագրող գրառումներ և տեսանյութեր էին տարածվել: