կարևոր
693 դիտում, 1 տարի առաջ - 2020-11-26 18:39

Թեհրանի և Նոր Ջուղայի հայկական միությունները պահանջում են ՀՀ վարչապետի հրաժարականը և անցնցում հեռացումը իշխանությունից

Թեհրանի և Նոր Ջուղայի հայկական միությունները պահանջում են ՀՀ վարչապետի հրաժարականը և անցնցում հեռացումը իշխանությունից

Թեհրանահայ միությունները և Նոր Ջուղայի հայկական կազմակերպութլունները նամակ են հղել Իրանի Իսլամական Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արտաշես Թումանյանին, որով արձանագրել են, որ Հայաստանյան վերջին օրերի իրադարձությունները եկան վկայելու, որ դավաճանական այդ փաստաթղթի ստորագրումով, մեծագույն հանցագործություն է իրագործվել հայ ժողովրդի թիկունքում՝ Արցախցուն դարձնելով տնավեր ու վտարանդի:

Նամակում հաստատելով, որ ստեղծւած բարդագույն իրավիճակի գլխավոր մեղավորը Հայաստանի Հանրապետության գործող իշխանություններն են, որդեգրած իրենց սխալ քաղաքականությամբ և պատերազմը վերահսկելու անկարողականութեամբ՝ նրանք պահաջում են ՀՀ վարչապետի հրաժարականը և անցնցում հեռացումը իշխանությունից:

«Իրանի Իսլամական Հանրապետութիւնում
Հայաստանի Հանրապետութեան արտակարգ և լիազօր դեսպան՝
Մեծարգոյ Տիար Արտաշէս Թումանեան
Մեծարգոյ պրն. Դեսպան

Ինչպէս՝ Հայաստանը, Արցախը, Սփիւռքը, այնպէս էլ իրանահայութիւնը խորը ցնցում ապրեց, ի հետևումն 2020 թւականի նոյեմբերի 10-ին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինեանի կողմից, Արցախեան 44 օրեայ պատերազմը դադարեցնելու նպատակով, եռակողմ (Հայաստան-Ռուսաստան-Ադրբեջան) համաձայնագրի ստորագրումի:

Համաձայնագրի բովանդակութիւնը ի նկատի ունենալով, ակնյայտ է դառնում, որ այն ստորագրւել է պարտւողական և չափազանց նւաստացուցիչ պայմաններում, որն անընդունելի է՝ հայ ժողովրդի իւրաքանչիւր զաւակի համար: Այդ չարաբաստիկ փաստաթղթի ստորագրման պատճառով, ողջ հայութեան մօտ առաջացել է ցասման և ընդվզման անասելի զգացում:
Հայաստանեան վերջին օրերի իրադարձութիւնները եկան վկայելու, որ դաւաճանական այդ փաստաթղթի ստորագրումով, մեծագոյն յանցագործութիւն է իրագործւել հայ ժողովրդի թիկունքում, Արցախցուն դարձնելով տնաւեր ու վտարանդի:
Ստեղծւած իրավիճակում, Հայաստանին սպասւում է դիւանագիտական բարդ և լրջագոյն բանակցութիւններ: Կարելի է արձանագրել, որ վերջին տարիների բանակցութիւնները, հանդիպել են փակուղիների, որի արդիւնքը եղել է այն ինչ ականատեսն ենք այսօր, ուստի բանակցութիւնների նոր որակ է պահանջւում, նոր մօտեցումներ, որի շնորհիւ, Հայոց աշխարհի համար կը բացւեն նոր հորիզոններ, նոր յոյսեր:

Ցաւօք այս օրերին, բոլորս ապրում ենք մղձաւանջային դաժան վիճակում: Ժողովրդական ընդվզումն սպասելի էր և արդար, քանզի իրադրութիւնները մարտահրաւէր է Հայոց պետականութեան վաղւայ օրւայ և գոյատևման նկատմամբ:

Մենք՝ ևս հաստատում ենք, որ ստեղծւած բարդագոյն իրավիճակի գլխաւոր մեղաւորը՝ Հայաստանի Հանրապետութեան գործող իշխանութիւններն են, որդեգրած իրենց սխալ քաղաքականութեամբ և պատերազմը վերահսկելու անկարողականութեամբ:

Երևանում՝ այս օրերում լայնածաւալ բողոքի հանրահաւաքներ են տեղի ունենում, ուստի սոյնով, մեր զօրակցութիւնն ենք յայտնում և բողոքի ձայնն ենք միացնում՝ հայրենաբնակ մեր քոյրերի և եղբայրների արդարացւած բողոքի ձայնին և պահանջում` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինեանի հրաժարականը և անցնցում հեռացումը իշխանութիւնից:

ՅԱՐԳԱՆՕՔ՝
Նոր Ջուղայի Հայ Մ.Մ. «Արարատ» միութիւն՝ Ժորժիկ Աղազարեան
Նոր Ջուղայի Հայ Կանանց Գթութեան միութիւն՝ Արմինէ Սիմոնեան
Նոր Ջուղայի Հայուհեաց Բարեգործական
ընկերութիւն՝ Սանդրա Խաչատրեան
Հայ Ուս. «Չհարմահալ» միութեան Նոր Ջուղայի
Մասնաճիւղ՝ Աւօ Խուդաբախշեան»: