կարևոր
2687 դիտում, 2 տարի առաջ - 2020-11-26 17:09

Արթուր Ղազինյանը պետական դավաճանության մասին հաղորդում է ներկայացնում Դատախազություն (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

«Մեկ Հայաստան» կուսակցության նախագահ, իրավաբանական գիտությունների թեկնածու, ԵՊՀ դոցենտ Արթուր Ղազինյանն այսօր հանցագործության մասին հաղորդում է ներկայացնելու Գլխավոր դատախազություն՝ պետական դավաճանության մասին: Համաձայն Ղազինյանի հայտարարության՝ ՀՀ որոշ բարձրաստիճան պաշտոնատար անձինք ենթադրաբար կատարել են ՀՀ քրեական օրենսգրքով արգելված մի շարք հանցանքներ, այդ թվում՝ պետական դավաճանություն և պետական գաղտնիքի հրապարակում և պետք է ենթարկվեն պատասխանատվության։

«ՀՀ ՔՕ 299-րդ հոդվածը՝ պետական դավաճանությունը, Հայաստանի Երրորդ Հանրապետության պատմության մեջ այս ծավալով կիրառվում է առաջին անգամ, որն առերևույթ կատարվել է բարձրագույն պաշտոնատար անձանց կողմից՝ ՀՀ ռազմաքաղաքական ղեկավարության կողմից»,- այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ հայտարարել է Արթուր Ղազինյանը։

«2020թ. նոյեմբերի 17-ին ՀՀ ԶՈւ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանը հայտարարել է, որ պաշտոնին նշանակվելուց ընդամենը 4 օր անց վարչապետին, իսկ դրանից մի քանի օր անց Ազգային անվտանգության խորհրդին ներկայացրել է ռազմաքաղաքական իրադրության վերլուծությունը և ՀՀ ԶՈՒ կարողությունները: Նշել է, որ ՀՀ արտաքին անվտանգության վտանգ է սպառնում ոչ միայն Ադրբեջանի, այլև Թուրքիայի կողմից, և հայտնել, որ ՀՀ ԶՈՒ կարողությունները չեն կարող դիմակայել այդ հարձակմանը: Խնդրել է միջոցներ ձեռնարկել պատերազմը կանխելու կամ հետաձգելու համար»,- ասել է Ղազինյանը:

Ղազինյանը հիմնավորել է, որ ՀՀ ՔՕ 299-րդ հոդվածով նախատեսված արարքի օբյեկտ են հանդիսանում ներքին և արտաքին քաղաքականության ոլորտում ձևավորվող հասարակական հարաբերությունները, որոնք կոչված են ապահովել ՀՀ ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը և սահմանների անխախտելիությունը։ Հանցագործության օբյեկտիվ կողմն է ՝ օտար թշնամական պետության կամ նրանց ներկայացուցիչների հետ պաշտոնատար անձանց ակտիվ և համատեղ գործողությունները, որոնք կատարվել են ի վնաս ՀՀ ինքնիշխանության, իսկ սուբյեկտներն են ՀՀ արտաքին քաղաքականության, պաշտպանության և ներքին և արտաքին անվտանգության համար պատասխանատու մի խումբ պաշտոնատար անձինք, որոնց նույնականացումը պետք է իրականացվի վարույթն իրականացնող մարմնի կողմից։

Հայտարարության տեսանյութը Արթուր Ղազինյանի ֆեյսբուքյան էջից է: