382 դիտում, 2020.11.26 15:52

Մարուքյանը իշխանության կողմից ռազմական դրությունը չվերացնելու բավարար հիմնավորում չի տեսնում

Մարուքյանը իշխանության կողմից ռազմական դրությունը չվերացնելու բավարար հիմնավորում չի տեսնում

ՀՀ ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը երկրում ռազմական դրությունը չվերացնելու համար իշխանության կողմից չի տեսնում բավարար հիմնավորում: Մարուքյանը նման տեսակետ հայտնել է լրագրողների հետ զրույցում՝ անդրադառնալով արտահերթ նիստում քննարկվող իրենց նախաձեռնությանը՝ Ռազմական դրությունը վերացնելու մասին օրենքի նախագծին:

Նա հիշեցրել է, որ, լսելով ԳՇ պետին, 7 օր ռազմական դրության ռեժիմը հանելու նախաձեռնությամբ հանդես չեն եկել: «Դրանից հետո նախաձեռնել ենք ԱԺ խորհրդի նիստի արագ գումարման գործընթացը, իրենք (խմբ-«Իմ քայլ»-ը խմբակցության պատգամավորները) բոյկոտել են, չեն եկել, չեն ասել, որ անվտանգային խնդիրները չեն վերացել և այլն, հիմա այսօր եկել ասում են, թե չքննարկեցինք իրենց հետ, կոնսուլտացիա չարեցինք»,-ասել է Մարուքյանը:

Նրա խոսքով՝ իրենց խմբակցությունը ստանում է ահազանգեր, որ մոբիլիզացված քաղաքացիական անձինք, որ տարբեր զորամասերում են, հիմա պետության հացն են ուտում, բայց ոչինչ չեն անում, ցանկանում են զորացրվել, իրենց աշխատատեղերում աշխատել: Պատգամավորի խոսքով՝ հայկական և ռուսական անձնագրեր ունեցող անձինք ռազմական դրության պատճառով չեն կարողանում հատել սահմանը, գնալ Ռուսաստան՝ աշխատելու: «Եվ չկա ոչ մի հիմնավորում: Հիմնավորումը միայն այն կարող էր լինել, որ ռուսական զորքը տեղ չի հասել, չի կանգնել, մեր զորքին չենք հանել, բայց տեսանյութերում տեսնում ենք, որ մեր զորքերը հերթով դուրս են գալիս այդ տարածքներից: Անվտանգային խնդիր չկա»,-կարծիք է հայտնել Մարուքյանը:

Ըստ Մարուքյանի՝ իշխանությունը ոչ մի հարցի պատասխան չունի, ուղղակի ասում է՝ ռազմական դրությունը չհանել:

Խմբակցության ղեկավարը նաև ասել է, որ խորհրդարանում վարչապետին անվստահություն հայտնելու համար նախագիծ հիմա չունեն: