354 դիտում, 2020.11.26 15:25

ԱԳ նախարար Արա Այվազյանը հեռախոսազրույց է ունեցել ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի հետ

ԱԳ նախարար Արա Այվազյանը հեռախոսազրույց է ունեցել ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի հետ

Նոյեմբերի 25-ին տեղի է ունեցել ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանը հեռախոսազրույց է ունեցել Միավորված Ազգերի Կազմակերպության Գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի հետ։

ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար Գուտերեշը շնորհավորել է Արա Այվազյանին ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և հաջողություն մաղթել իր պատասխանատու առաքելության մեջ:

ԱԳ նախարար Այվազյանն ու ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար Գուտերեշը քննարկել են թուրք-ադրբեջանական ագրեսիայի արդյունքում Արցախում ստեղծված մարդասիրական իրադրությունը և դրա հետևանքները տարածաշրջանի համար։ Անդրադարձ է կատարվել ստեղծված հումանիտար ճգնաժամին և դրա հասցեագրման ուղղությամբ ձեռնարկվող քայլերին։ Նախարար Այվազյանն այդ առնչությամբ առանձնահատուկ ընդգծել է միջազգային կառույցների և նախևառաջ ՄԱԿ համապատասխան մարմինների տեղում ներգրավվածության կարևորությունը։

Հեռախոսազրույցի ընթացքում ՀՀ արտգործնախարարը շեշտել է տեղահանված արցախահայության հայրենիք վերադարձի համար պայմանների ապահովմանը և վերջիններիս իրավունքների պաշտպանությանն ուղղված քայլերի անհրաժեշտությունը։ Նախարար Այվազյանը Գլխավոր քարտուղար Գուտերեշին համապարփակ տեղեկություն է տրամադրել Ադրբեջանի վերահսկողության ներքո հայտնված ռազմագերիների և քաղաքացիական անձանց նկատմամբ խոշտանգումների և բռնության այլ դրսևորումների վերաբերյալ։

Երկուստեք առանձնահատուկ ընդգծվել է միջազգային մարդասիրական իրավունքի և մարդու իրավունքների նորմերի խստագույն պահպանումը, Արցախի պատմամշակութային ժառանագության նկատմամբ հարգալից վերաբերմունքը: