266 դիտում, 2020.11.26 12:24

Գիտակցում եմ, որ ինձ վրա է ոչ միայն մինչեւ օրս տեղի ունեցածի, այլեւ հետագա զարգացումների պատասխանատվությունը․ Նիկոլ Փաշինյան

Գիտակցում եմ, որ ինձ վրա է ոչ միայն մինչեւ օրս տեղի ունեցածի, այլեւ հետագա զարգացումների պատասխանատվությունը․ Նիկոլ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության այսօրվա նիստում հանդես է եկել ելույթով, որը ներկայացնում ենք ստորև.

«Բարև ձեզ, հարգելի գործընկերներ,

Սա ռազմական գործողությունների ավարտից հետո, կառավարության առաջին լիարժեք նիստն է, և ես խնդրում եմ՝ նախ մեկ րոպե լռությամբ հարգենք մեր զոհերի հիշատակը:

Հարգելի գործընկերներ,

Սիրելի հայրենակիցներ,

Այսօր մենք իրականացնում ենք նորացված կազմով կառավարության առաջին նիստը: Այս ընթացքում տեղի է ունեցել Պաշտպանության, Արտաքին գործերի, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի, Աշխատանքի և սոցիալական հարցերի, Արտակարգ իրավիճակների նախարարների փոփոխություն: Առաջիկայում մեզ սպասվում է Էկոնոմիկայի նախարարի փոփոխություն: Ես նախ ուզում եմ մեր պաշտոնաթող գործընկերներին շնորհակալություն հայտնել իրենց ներդրած ջանքերի համար: Եվ նորանշանակ նախարարներին հաջողություններ մաղթել իրենց գործունեության մեջ:

Հարգելի գործընկերներ, Սիրելի ժողովուրդ,

Մենք ապրում ենք չափազանց դժվար ժամանակներ: Այս ժամանակը ծանրանում է նրանով, որ մեր բազմաթիվ հայրենակիցներ՝ մեր բազմաթիվ քույրեր և եղբայրներ մեզ հետ չեն ապրում այսօր նույնիսկ այս ծանր ժամանակները: Բայց այսօրվա մեր հրամայականը և անելիքը հետևյալն է՝ մենք պետք է ապրենք այս ծանր ժամանակները և պետք է հաղթահարենք ժամանակն ու նրա ծանրությունը:

Ուզում եմ նորից ասել, որ որպես Հայաստանի Հանրապետության վարչապետ՝ ինձ վրա եմ վերցնում ստեղծված իրավիճակի ամբողջ պատասխանատվությունը: Բայց գիտակցում եմ, որ ինձ վրա է ոչ միայն մինչև օրս տեղի ունեցածի, պատասխանատվությունը: Արտաքին և ներքին կայունության ու անվտանգության ապահովումը և նոյեմբերի 18-ին իմ հրապարակած ճանապարհային առաջնահերթություն և անհրաժեշտություն են, և մեր բոլոր ջանքերը պետք է կենտրոնացած լինեն այս խնդրի լուծման վրա:

Կառավարությունն Արցախի մեր հայրենակիցներին աջակցող արդեն երկու միջոցառում է ընդունել բավականին մասշտաբային: Աջակցության միջոցառումների ընդունումը կշարունակվի այնքան, որքան անհրաժեշտ է: Առաջիկայում մեր ուշադրության կենտրոնում են լինելու նաև Սյունիքի և Գեղարքունիքի մարզերի վերականգնումը Տավուշի մարզում մեր իրականացրած ծրագրերի նմանությամբ: Բացարձակ առաջնահերթություն է անհետ կորածների որոնողական աշխատանքները, գերիների փոխանակումը: Այս խնդիրների վրա մենք աշխատում ենք ամենօրյա ռեժիմով: Հիմնական բարդությունն այն է, որ այս աշխատանքի արդյունավետությունը, ցավոք, կախված է ոչ միայն մեզնից: Զոհվածների ընտանիքների, հաշմանդամություն ստացած անձանց և պատերազմից տուժած այլ խմբերի և քաղաքացիների սոցիալական պաշտպանության երաշխիքների կատարելագործումը մեր հրատապ անելիքների ցանկում է:

Նույնիսկ այս դժվար ժամանակներում սակայն պետք է ստեղծել Հայաստանում բարեփոխումների երաշխիք, ընդ որում բարեփոխումների ընդգրկումն ու օրակարգը պետք է ընդլայնվի ի հայտ եկած նոր մարտահրավերների բերումով: Ամենահրատապ խնդիրների լուծմանը զուգընթաց պետք է տեղի ունենան նաև կատարվածի պատճառների վերհանման, պարզաբանման և վերլուծության գործընթաց, և հայ հանրությունը պետք է ստանա հստակ պատասխաններ, թե ինչ է տեղի ունեցել և ինչու: Ժողովուրդը պետք է հասու լինի ճշմարտությանը և որոշումներ կայացնելու հնարավորություն ունենա: Ըստ այդմ, մեր ամենակարևոր անելիքը, կառավարության ամենակարևոր անելիքը Հայաստանի Հանրապետության քաղաքացիների սեփական երկրի և իրավիճակի տերը լինելու զգացողության և փաստի պահպանումն է, և այս հանգամանքի ինստիտուցիոնալ Հանրապետության քաղաքացին պետք է վստահ լինի, որ ինքն է իրավիճակի իրական տերը և այդ զգացողության վրա պետք է կառուցի իր ապագան: Նաև ժողովուրդը պիտի որոշի, թե այդ ապագան ում հետ պետք է կառուցի և այդ ապագայի կառուցման գործում ով ինչպիսի դերակատարություն պիտի ունենա:

Հայ ժողովրդի և հայ քաղաքացիների ստեղծարար ներուժն անսպառ է, և մեր առաջիկա կարևոր անելիքն այդ ներուժի կենտրոնացումն է նոր ապագայի կառուցման գործի վրա: Մենք պիտի թույլ չտանք, որ այդ ապագայի հավատն սպանվի, և մեր ամենօրյա աշխատանքը պետք է ուղղված լինի այդ հավատի ուժեղացմանը, ամրապնդմանը և զարգացմանը:

Շնորհակալ եմ»: