594 դիտում, 2020.11.26 12:48

Մեր տեղեկություններով Շահումյանի երկու գյուղ մնալու են Արցախի սահմաններում. շրջվարչակազմի պատասխանատու

Մեր տեղեկություններով Շահումյանի երկու գյուղ մնալու են Արցախի սահմաններում. շրջվարչակազմի պատասխանատու

Արցախի Շահումյանի շրջանի բնակիչները  կարողացել են ժամանակին դուրս բերել իրենց ունեցվածքը: Այս մասին ասել է Երևանում գործող օպերատիվ շտաբի շահումյանցիների աջակցության  կենտրոնի աշխատանքների համակարգող, Շահումյանի շրջվարչակազմի աշխատակազմի սոցիալական ծառայության տարածքային գործակալության պետ Նորայր Աստվածատրյանը: Նրա խոսքով՝  Շահումյանի շրջանի բնակիչներն իրենց գույքն ու անասնագլխաքանակը հիմնականում դուրս են բերել անհատական տրանսպորտային միջոցներով: «Բնակչությանը տարհանելու  և ունեցվածքի դուրսբերման  գործում ուղղորդել և   ըստ հնարավորության անհատական  աջակցություն է ցուցաբերել նաև շրջանի վարչակազմը»,-հայտնել է Աստվածատրյանը:  

Իրենց բնակավայրերից տարհանված և ՀՀ բնակավայրերում հանգրվանած շահումյանցիների աջակցության երևանյան կենտրոնում ներկայումս համակարգված աշխատանք է տարվում նրանց ժամանակավոր կացարաններով ապահովելու, ինչպես նաև սոցիալական խնդիրների լուծման ուղղությամբ:

«Արցախի աշխատանքի սոցիալական և բնակարանային  հարցերի  նախարարության հատկացրած միջոցներով, մասնավորապես, տրամադրում ենք փոխհատուցում բնակվարձի և կոմունալ վճարումների 50-100 տոկոսի չափով:  Բացի այդ՝ ցուցակագրում ենք շահումյանցիների առաջնահերթ կարիքները: Մինչ այժմ աջակցության կենտրոնին է դիմել Շահումյանի շրջանի  ավելի քան 70 բնակիչ: Նրանց մի մասն  ունի նաև  սննդի   անկողնային պարագաների  և ձմեռային հագուստի կարիք: Այս  խնդիրների լուծումը նույնպես կլինի մեր առաջիկա գործունեության հիմքում»,-մանրամասնել է պատասխանատուն: