Արցախի Շահումյանի շրջանի բնակիչները կարողացել են ժամանակին դուրս բերել իրենց ունեցվածքը: Այս մասին ասել է Երևանում գործող օպերատիվ շտաբի շահումյանցիների աջակցության կենտրոնի աշխատանքների համակարգող, Շահումյանի շրջվարչակազմի աշխատակազմի սոցիալական ծառայության տարածքային գործակալության պետ Նորայր Աստվածատրյանը: Նրա խոսքով՝ Շահումյանի շրջանի բնակիչներն իրենց գույքն ու անասնագլխաքանակը հիմնականում դուրս են բերել անհատական տրանսպորտային միջոցներով: «Բնակչությանը տարհանելու և ունեցվածքի դուրսբերման գործում ուղղորդել և ըստ հնարավորության անհատական աջակցություն է ցուցաբերել նաև շրջանի վարչակազմը»,-հայտնել է Աստվածատրյանը:
Իրենց բնակավայրերից տարհանված և ՀՀ բնակավայրերում հանգրվանած շահումյանցիների աջակցության երևանյան կենտրոնում ներկայումս համակարգված աշխատանք է տարվում նրանց ժամանակավոր կացարաններով ապահովելու, ինչպես նաև սոցիալական խնդիրների լուծման ուղղությամբ:
«Արցախի աշխատանքի սոցիալական և բնակարանային հարցերի նախարարության հատկացրած միջոցներով, մասնավորապես, տրամադրում ենք փոխհատուցում բնակվարձի և կոմունալ վճարումների 50-100 տոկոսի չափով: Բացի այդ՝ ցուցակագրում ենք շահումյանցիների առաջնահերթ կարիքները: Մինչ այժմ աջակցության կենտրոնին է դիմել Շահումյանի շրջանի ավելի քան 70 բնակիչ: Նրանց մի մասն ունի նաև սննդի անկողնային պարագաների և ձմեռային հագուստի կարիք: Այս խնդիրների լուծումը նույնպես կլինի մեր առաջիկա գործունեության հիմքում»,-մանրամասնել է պատասխանատուն: