348 դիտում, 2020.11.25 23:39

Տարհանված շահումյանցիների սոցիալական աջակցության կենտրոն է ստեղծվել

Տարհանված շահումյանցիների սոցիալական աջակցության կենտրոն է ստեղծվել

Արցախի Շահումյանի շրջանի բնակիչները,  ովքեր հանգրվանել են ՀՀ բնակավայրերում,   սոցիալական աջակցություն ստանալու համար   այսուհետ   կարող են դիմել Երևանում գործող  օպերատիվ շտաբ,   որտեղ  բացվել  է շահումյանցիների  աջակցման կենտրոն: Օպերատիվ շտաբը գործում է Երևանի Գարեգին Նժդեհի 23/1 հասցեում: Այս մասին հայտնել է կենտրոնի աշխատանքների համակարգող Նորայր Աստվածատրյանը՝ հավելելով որ Շահումյանից տարհանված բնակիչներին  կացարաններով և կեցության այլ միջոցներով  ապահովելու համար  շրջվարչակազմը հնարավորինս  աջակցություն  էր ցուցաբերում  դեռևս սեպտեմբերի 27-ից:

«Շահումյանի շրջվարչակազմի աշխատակազմը  երեկ՝ նոյեմբերի 24-ին է դուրս եկել Քարվաճառից:  Մինչ այդ շրջվարչակազմը  զբաղվում էր տեղում բնակիչների տարհանման խնդիրների և այլ կազմակերպչական հարցերի լուծմամբ»,- ասել է նա:

Աստվածատրյանի խոսքով՝ կենտրոնի ստեղծմամբ՝   Հայաստանի Հանրապետության տարբեր բնակավայրերում հանգրվանած  շահումյանցիների  սոցիալական աջակցությունը ներկայումս առավել համակարգված բնույթ է ստացել:

Ասվածատրյանը նաև հայտնեց, որ Շահումյանի շրջանից տարհանված քաղաքացիները հանգրվանել են Հայաստանի տարբեր բնակավայրերում: