Կոտայքի մարզի Վերին Պտղնի գյուղում տեղակայված անշարժ պահակետում ծառայություն իրականացնող ոստիկանության Կոտայքի բաժնի ծառայողներն ու Կոտայքի մարզը սպասարկող ճանապարհային ոստիկանները նոյեմբերի 24-ին ստուգել են Դիլիջանի բնակիչ, 24-ամյա մի երիտասարդի «Օպել» մակնիշի ավտոմեքենան՝ հայտնաբերելով պայթուցիչով նռնակ ու ինքնաձիգի փամփուշտ։ Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից։
Մեքենան և վարորդը տեղափոխվել են ոստիկանության Կոտայքի բաժին։ «Պարզվել է, որ զինամթերքը ձեռք է բերել օրեր առաջ մարտական գործողությունների ընթացքում։
Կրկին հորդորում ենք ապօրինի պահվող զենք-զինամթերքը կամավոր հանձնել ոստիկանություն՝ քրեական պատասխանատվությունից խուսափելու համար։
Միջոցառումները շարունակվում են»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: