19.08.2022
|
||
---|---|---|
USD | 405.15 -0.64 | |
GBP | 479.66 -9.52 | |
EUR | 407.5 -5.31 | |
GEL | 145.36 -0.21 | |
RUB | 6.87 +0.04 |
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղար Լուիզ Մուշիկիվաբոյի հետ՝ վերջինիս նախաձեռնությամբ: Այս մասին հայտնում են ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։
Վարչապետը շնորհակալություն է հայտնել Լուիզ Մուշիկիվաբոյին Հայաստանի համար ծանր օրերին նրա կողմից ցուցաբերած ուշադրության և աջակցության համար: Նա զրուցակցի ուշադրությունը հրավիրել է Արցախի դեմ ադրբեջանա-թուրքական ագրեսիայի ժամանակ Թուրքիայի կողմից հազարավոր վարձկան ահաբեկիչների ներգրավվածության հանգամանքի վրա՝ նշելով, որ նրանց ներկայությունը Ադրբեջանում այսօր լուրջ սպառնալիք է հանդիսանում միջազգային և տարածաշրջանային անվտանգության համար:
Երկուստեք կարևորվել է Ադրբեջանի ինքնիշխանության տակ անցած Արցախի հայկական կրոնական և պատմամշակութային ժառանգության պահպանությունը և նշվել գերիների, պատանդների ազատման և անհետ կորած անձանց վերադարձի առաջնայնությունը:
Վարչապետ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել գլխավոր քարտուղարին համավարակի պայմաններում Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության կայուն գործունեությունն ապահովելու համար: Նա ափսոսանքով նշել է Հայաստանի նախագահության ընթացքում հյուրընկալման համար նախատեսված որոշ միջոցառումների համավարակի պատճառով չեղարկման հանգամանքը:
Լուիզ Մուշիկիվաբոն իր զորակցությունն է հայտնել ՀՀ վարչապետին, կարևորել է Հայաստանի դերը Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունում և հավաստիացրել, որ կգործադրի ամեն ջանք ՖՄԿ-ի շրջանակներում Հայաստանի հետ համագործակցությունն առավել ամրապնդելու համար: Նա իր երկրի՝ Ռուանդայի նախագահի ջերմ ողջույններն է փոխանցել վարչապետ Նիկոլ Փաշինյանին: