454 դիտում, 2020.11.25 19:24

Հանձնաժողովը չընդունեց Գեորգիսյանի առաջարկը. ռազմական դրության վերացման հարցի քննարկումը հետաձգվեց 1 շաբաթով

Այսօր ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովի նիստում Ռազմական դրության վերացման հարցով քննարկման ժամանակ «Լուսավոր Հայաստան» խմբակցության քարտուղար Գեւորգ Գորգիսյանը հիմնավորեց, որ «Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին» օրենքի համաձայն, ռազմական դրություն հայտարարելու համար հիմք ծառայած հանգամանքների վերացման դեպքում ռազմական դրությունը կարող է վերացվել, դա կարող է անել կառավարությունը, կամ ԱԺ-ն՝ իր նախաձեռնությամբ: Ըստ պատգամավորի, այժմ այլևս ոչ սպառնալիք կա, ոչ էլ զորահավաք: Բայց սահմանափակումները՝ խոսքի ազատությունը, ազատ տեղաշարժը, հավաքների ազատությունը, շարունակում են գործել: 

«16 օր ժամանակ ուներ Կառավարությունն այդ խնդիրները լուծելու համար, բայց, կարծես թե, չեն գտել»,- ասաց Գեորգիսյանը՝ կոչ անելով գործընկերներին կողմ քվեարկել, որպեսզի նախագիծը ներառվի ԱԺ առաջիկա նիստի օրակարգում:

Հարցի քննարկման ավարտից հետո հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն Գեորգիսյանի հիմնավորումները չընդունեց. «Շատ կարճ ժամանակային սեգմենտում մենք պետք է կառավարությանը տանք հնարավորություն՝ ափալ-թափալ չլինելու: Ափալ-թափալի վերջը շառ ա հատկապես ռազմական գործում: Էդ ափալ-թափալները մենք դեռ չենք մարսել»,- ասաց Քոչարյանը՝ առաջարկելով հարցի քննարկումը հետաձգել մեկ շաբաթով:

Քվեարկության արդյունքում ընդդիմության կողմից ներկայացրած առաջարկը չընդունվեց: Փոխարենն ընդունվեց Անդրանիկ Քոչարյանի առաջարկը՝ կառավարությանը մեկ շաբաթ ժամկետ տալ, որպեսզի գործադիրը կարողանա անշտապ, մանրակրկիտ կերպով ամբողջացնել ռազմական դրությանը վերաբերող բոլոր ծրագրերը, այնուհետև ներկայացնել դրանք: