կարևոր
1832 դիտում, 2 տարի առաջ - 2020-11-25 17:39

«Ցավով եմ ասում, որ անօրինական հրամաններին ենթարկվում են իրավապահ կառույցները. Ավետիք Իշխանյան

Մոտ մեկ ժամ առաջ իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ Ոստիկանության Կենտրոնի բաժին բերման է ենթարկվել Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ, իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը: Բացատրություն տալուց հետո նա ազատ է արձակվել: 168․am-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ զրույցում իրավապաշտպանը պատմեց, թե ինչ է տեղի ունեցել:

«Ես Կառավարության շենքի առջևով գնում էի դեպի Նալբանդյան փողոց, որ բարձրանամ դեպի մեր գրասենյակ: Ոստիկանների մեջ կանգնած էր իմ ծանոթներից մեկը, որին մենք բազմիցս աջակցել ենք մեր գրասենյակում բնակարանային հարցով, քրեական անցյալ ունեցող մեկն էր: Նա այդ ոստիկանների մեջ կանգնած էր դեպի Տիգրան Մեծ փողոցի կողմը: Երբ որ անցնում էի, բավականին ագրեսիվ ձևով ասաց՝ «իմ գործն ի՞նչ եղավ», ես էլ շտապում էի, մանավանդ որ, երկար ժամանակ իր գործով զբաղվել ենք, արդյունքներ, եթե չեմ սխալվում, առանձնապես չեն եղել, մի քիչ մութ գործ էր, ասացի՝ Ղարաբաղը կորցրել ենք, դու դեռ քո գործո՞վ ես զբաղվում, և նա ամենախայտառակ հայհոյանքները տեղաց և՛ Ղարաբաղի, և ՛ իմ հասցեին: Ես զայրացած շուռ եկա, ասացի՝ էդ ի՞նձ էիր ասում, հարձակվեց, բռնեց և սկսեց քաշքշել ինձ շատ կոպիտ ձևով»,- պատմեց Իշխանյանը:

Հարցին, թե ի՞նչ կարծիք ունի վերջին շրջանում ընդդիմադիրներին հաճախ բերման ենթարկելու մասին, Իշխանյանը պատասխանեց. «Վարչապետի կողմից խնդիր է դրված՝ ցանկացած գնով իշխանությունը պահել, ցավով եմ ասում, որ նրա անօրինական հրամաններին ենթարկվում են իրավապահ կառույցները: Պատճառներից մեկն էլ այն է, ոչ հիմնական պատճառը, որ դե յուրե այդ կառույցները գտնվում են նրա ենթակայության տակ, և այդ կառույցների ղեկավարներին, ում ինքը չի վստահում, ձեռնոցի պես փոխում է, մինչև իր համար վստահելի լինեն և իր անօրինական հրահանգները կատարեն: Եթե նայենք նախկին ոստիկանապետի և ԱԱԾ նախկին տնօրենի խոսքերը, ապա նրանք բացահայտ ասում են, թե ինչ անօրինական հրահանգներ են ստացել, և այդ ամենը շարունակվում է»,- ասաց Իշխանյանը: