386 դիտում, 2020.11.24 19:49

Խոշտանգումների և անմարդկային վերաբերմունքի վերաբերյալ տեսանյութերի մեծագույն մասն իրականություն է. ՀՀ ՄԻՊ

Խոշտանգումների և անմարդկային վերաբերմունքի վերաբերյալ տեսանյութերի մեծագույն մասն իրականություն է. ՀՀ ՄԻՊ

Այսօր Ադրբեջանի գլխավոր դատախազությունը հայտարարել է, թե բա հայկական կողմի զինծառայողների դիերի անարգանքի և գերեվարված անձանց նկատմամբ խոշտանգումների ու անմարդկային վերաբերմունքի մասին ադրբեջանական զինված ուժերին վերագրվող տեսանյութերի մեծ մասը կեղծ է: Ու դեռ մի հատ էլ հայտարարվել է, թե քրեական վարույթներ են սկսել ու մեղավոր անձինք կենթարկվեն պատասխանատվության: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը․

«Իսկ Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանը հայտարարում է, որ խոշտանգումների և անմարդկային վերաբերմունքի վերաբերյալ տեսանյութերի մեծագույն մասն իրականություն է: Դրանք ապացույցի տեսքով հայաստանյան ու արցախյան կողմերն ամրագրել են. ներկայացրել ու շարունակում են ներկայացնել միջազգային մարմիններին՝ ըստ իրավասության:

Իսկ հիմա մեղավորների պատասխանատվության հարցով՝

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանը հայտարարում է նաև, որ այդ դաժանությունները, խոշտանգումներն ու անմարդկային վերաբերմունքը պատերազմական հանցագործություններ են:

Դրանք կատարել են Ադրբեջանի ոչ թե առանձին վերցված զինվորներ՝ իրարից անկախ, այլ այդ ամենը Արցախում ահաբեկչական մեթոդներով էթնիկ զտումների ու ցեղասպանության ադրբեջանական կազմակերպված քաղաքականության անբաժան մաս է, Ադրբեջանում տարիներով կուտակված ու պետական աջակցությամբ համակարգված հայատյացության արդյունք է:

Ավելին, այդ դաժանությունները տարածվել են հայ հասարակությանը հոգեկան տառապանքներ պատճառելու, լարվածություն առաջացնելու դիտավորությամբ ու դրանով սեփական հասարակությունում գովեստների ու թվացյալ «հերոսության» արժանանալու համար։

Այնպես, որ պատասխանատվությունը առանձին զինվորների վրա գցելով չէ, այդ խոշտանգումների ու անմարդկային վերաբերմունքի ուղիղ պատասխանատուն Ադրբեջանի իշխանություններն են»: