1106 դիտում, 2020.11.24 19:00

Ծառուկյանին պատգամավորական մանդատից զրկելու հարցով Աժ-ն դիմում է ՍԴ

Ծառուկյանին պատգամավորական մանդատից զրկելու հարցով Աժ-ն դիմում է ՍԴ

Ազգային ժողովի խորհուրդը նոյեմբերի 24-ին «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի լիազորությունները դադարեցնելու հարցով Սահմանդրական դատարան դիմելու մասին որոշում է ընդունել։ ՍԴ-ն պետք է քննի այդ որոշման սահմանադրականության հարցը առավելագույնը 30 օրվա ընթացքում եւ որոշում կայացնի:

 «Հիմք ընդունելով Սահմանադրության 95-րդ հոդվածը, Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի 2020 թվականի հոկտեմբերի 26-ի «Ազգային ժողովի պատգամավորի կողմից անհամատեղելիության պահանջների խախտման մասին» 03/2020 եզրակացությունը, ղեկավարվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական oրենքի 157-րդ հոդվածի 1-ին մասով` Ազգային ժողովի խորհուրդը որոշում է Ազգային ժողովի պատգամավոր Գագիկ Ծառուկյանի լիազորությունները դադարեցնելու հարցով դիմել Սահմանադրական դատարան»,- ասված է որոշման մեջ։

Ինչպես նշված է ԱԺ պաշտոնական կայքում` որոշման հիմքում Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի 2020 թվականի հոկտեմբերի 26-ի «Ազգային ժողովի պագտգամավորի կողմից անհամատեղելիության պահանջների խախտման» եզրակացությունն է և ՀՀ Սահմանադրության 95-րդ հոդվածը, որի համաձայն` պատգամավորը չի կարող զբաղեցնել իր կարգավիճակով չպայմանավորված պաշտոն պետական կամ տեղական ինքնակառավարման այլ մարմիններում, առևտրային կազմակերպություններում, զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ, կատարել վճարովի այլ աշխատանք` բացի գիտական, կրթական և ստեղծագործական աշխատանքից։

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը 2020 թվականի հոկտեմբերի 26-ին եզրակացրել էր, որ 2020 թվականի հունիսի 24-ին ՀՀ ԱՆ իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալություն է մուտքագրվել «Մուլտի Գրուպ» կոնցեռն ՍՊԸ–ի ընդհանուր ժողովի արձանագրությունը՝ ստորագրված Գագիկ Ծառուկյանի կողմից, որով որոշվել է դադարեցնել ընկերության տնօրեն Սեդրակ Առուստամյանի լիազորությունները և տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար նշանակել Արայիկ Կեսոյանին։

Այս հիմքերով Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը 2020 թվականի հուլիսի 6-ին պատգամավորական լիազորությունների անհամատեղելիության պահանջների առերևույթ խախտման վերաբերյալ վարույթ հարուցելու մասին որոշում էր կայացրել։

Հիշեցնենք, որ Ծառուկյանի լիազորույթունների դադարեցման հարցով ԱԺ խորհրդի նիստը նախապես պլանավորված էր նոյեմբերի 16-ին, բայց այն չէր կայացել ու հետաձգվել էր։