1380 դիտում, 2020.11.24 17:40

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը «Իմ քայլի» հետ դռնփակ հանդիպման էր

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը «Իմ քայլի» հետ դռնփակ հանդիպման էր

Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցությունը դռնփակ նիստ էր հրավիրել, որին ներկա էր նաև Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը:Այս մասին հայտնում է hetq.am-ը։

Շուրջ երկու ժամ տևած դռնփակ հանդիպումից հետո քաղաքական մեծամասնության պատգամավորները հեռանում էին հանդիպումից` հրաժարվելով պատասխանել լրագրողների հարցերին։ Խմբակցության պատգամավոր Հովհաննես Իգիթյանը միայն հայտնեց, որ հանդիպմանը ներկա է եղել Արցախի նախագահը:

Նկատենք, սակայն, որ Արայիկ Հարությունյանը գլխավոր մուտքով չէր խորհրդարան մուտք գործել ու դուրս եկել, և նրա ներկայությունը լրագրողների համար անակնկալ էր: Իգիթյանը հայտնեց, որ Արցախի նախագահի հետ քննարկել են ռազմագերիներին, փախստականներին և առհասարակ Արցախին վերաբերող հարցեր: Լրագրողների զարմացած հարցին, թե Արայիկ Հարությունյանն էլ էր այստե՞ղ, Իգիթյանը զարմացած արձագանքեց, թե՝ «ինչու, դուք չգիտեի՞ք այդ մասին»:

Իգիթյանի խոսքով` դռնփակ նիստում ռազմական դրությունը չեղարկելու հարց չի քննարկվել: Հիշեցնենք, որ ընդդիմությունը նոյեմբերի 26-ին արտահերթ նիստ է հրավիրել այդ օրակարգով: