306 դիտում, 2020.11.24 15:13

Աքշեները Էրդողանին մեղադրում է Թուրքիայում համավարակի չլուծվող խնդիրների և երեխաներին վերաբերող ամոթալի վիճակագրության համար

Աքշեները Էրդողանին մեղադրում է Թուրքիայում համավարակի չլուծվող խնդիրների և երեխաներին վերաբերող ամոթալի վիճակագրության համար

Թուրքիայի «Լավ» կուսակցության նախագահ Մերալ Աքշեները կուսակցության հերթական ժողովի ընթացքում կոչ է արել Էրդողանին Թուրքիայում կիրառել 14-օրյա կարանտինային ռեժիմ: Ինչպես հայտնում է թուրքական «Դեմոկրատ հաբեր» լրատվական կայքը, Աքշեները մասնավորապես նշել է. «Առողջապահության նախարարության տվյալների համաձայն համավարակի իրավիճակը Թուրքիայում ծանր է: Եթե հիմա առնվազն 2 շաբաթով Թուրքիան չանցնի կարանտինային ռեժիմի, իրավիճակը դուրս կգա վերահսկողությունից: Այստեղից ևս կոչ եմ անում Էրդողանին կիրառել կարանտինային ռեժիմ: Մինչև պատվաստանյութը պատրաստ լինելը թող Թուրքիան հանգստանա»: 

Ըստ Աքշեների՝ ամեն ինչում Թուրքիայի «մենտալիտետի» խնդիրն է: Նա կարծում է, որ պետք է առաջնահերթություն տալ երեխաներին, ամեն ինչից առաջ երեխաների կրթության մեջ ներդրում անել: «UNICEF 2020 զեկույցի համաձայն Թուրքիան երրեխաների հետ տարվող աշխատանքների տեսանկյունից 41 երկրներից ամենավատն է ճանաչվել: Երկրի երեխաների մեկ երրորդը աղքատության շեմից էլ ցածր վիճակում է. միայն 53%-ն է գոհ իր կյանքից: Այս ցուցանիշը Նիդեռլանդներում 90 % է, Մեքսիկայում ՝ 86 %, Խորվաթիայում ՝ 82 %: TURKSTAT- ի տվյալների համաձայն` 5-17 տարիքային խմբում աշխատող երեխաների թիվը 720 հազար է: Նրանց մեջ նույնիսկ 5 տարեկան երեխաներ ունենք: 2019-ին 16 տարեկանում ամուսնացած երեխաների թիվը 11.446 է: Նույնիսկ Օսմանյան կայսրությունում ամուսնության տարիքը աղջիկների համար 17 էր, իսկ տղաների համար`18: Եթե պաշտոնական տվյալները սրանք են, պետք է առերեսվենք ճշմարտությանը»,- ասել է Աքշեները:

Մերալ Աքշեները խոսել է նաև Թուրքիայի անկում ապրող տնտեսության մասին, նշելով, որ 2018-ի հուլիսին Թուրքիայի կառավարության ներքին և արտաքին պարտքի ընդհանուր գումարը կազմել է 1 տրիլիոն լիրա, իսկ 2020-ին այն հասել է 1,9 տրիլիոն լիրայի: Վերջին երկու տարվա ընթացքում Թուրքիայի պարտք վերցնելու սխալ ռազմավարության գինը երկրի համար արժեցել է 135 միլիարդ լիրա: «Ահա թե ինչի են մեզ հանգեցրել Էրդողանի նախագահական համակարգը՝ իր կուսակցության հետ, և Էրդողանի փեսայի համառությունը»,- հավելել է նա: