278 դիտում, 2020.11.24 14:24

Երևանի քաղաքապետարանը վառելափայտ կտրամադրի սոցիալապես անապահով ընտանիքներին

Երևանի քաղաքապետարանը վառելափայտ կտրամադրի սոցիալապես անապահով ընտանիքներին

Երևանի ավագանու 5-րդ նստաշրջանի 3-րդ նիստին որոշում կայացվեց համայնքային սեփականություն հանդիսացող ծառերի էտումից և չորացած ծառերի հեռացումից առաջացած փայտանյութը որպես ձմեռային վառելափայտ անվճար հատկացնել սոցիալապես անապահով ընտանիքներին:

Նիստի ժամանակ նախագիծը ներկայացրեց Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի բնապահպանության վարչության պետ Գևորգ Նազարյանը:

«Երևան քաղաքի ծառերի էտման և չորացած ծառերի հեռացման արդյունքում ներկայումս կուտակվել է շուրջ 500 խմ փայտանյութ: Նախագծով նախատեսվում է կուտակված փայտանյութն օգնության կարգով տրամադրել սոցիալապես անապահով ընտանիքներին՝ հնարավորինս մեղմելու սոցիալական խնդիրները: Նախատեսվում է նաև, որ այդ ընտանքիների ցանկը, չափորոշիչները և հատկացվելիք փայտանյութի չափաքանակը և հատկացման կարգը սահմանվելու է Երևանի քաղաքապետի որոշմամբ»,- նշեց Նազարյանը:

Ֆինանսական և տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Լևոն Հովհաննիսյանն ասաց, որ իրենք նախագծին տվել են դրական եզրակացություն:

Որոշումն ընդունվել է միաձայն՝ 40 «կողմ» ձայներով: