Նոյեմբերի 23-ին Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով կառավարության շենքի դիմաց Գեղամ Մանուկյանի հայտարարած անժամկետ հացադուլը շարունակվում է:
Ինչպես նա նշեց՝ գիշերը նորմալ է անցել. «Առաջին գիշերրը խորհրդանշական էր, որովհետեւ առաջնագծից շուրջ 50 օր հետո վերադարձան ՀՅԴ կամավորական խմբերը, այդ թվում որդիս: Նրանց տրամադրությունը մարտական է, տա Աստված, որ մեր բանակի կողքին նման կամավորական խմբեր շատ լինեն: ՀՅԴ-ն արդեն տեւական ժամանակ կազմակերպական աշխատանք է ծավալվել: Դրա համար կազմավորված զորախումբ էր, ունեցանք ցավալի կորուստներ, բազմաթիվ վիրավորները, բայց տղերքը մինչեւ վերջ մնացին դիրքում կանգնած: Դեռ ավելին, ռազմավարական կարեւոր կետերից մեկը գրավեցին ու պաշտպանեցին»,-ասաց Գեղամ Մանուկյանը:
Մանուկյանը նշեց, որ հացադուլը դադարեցնելու հորդորներ շատ կան: Բազմաթիվ քաղաքացիներ, հասարակական-քաղաքական գործիչներ են մոտեցել: «Այն որ Փաշինյանի համար մարդկային կյանքը զրո նշանակություն ունի շատ վաղուց էր ինձ հայտնի, 2008-ի մարտի 1-ը դրա վկայությունն է. Սա Նիկոլ Փաշինյանի համար չէ, Նիկոլ Փաշինյանի դեմ է: Որոշումս որոշում է, այս քայլը տվյալ պահին ճիշտ է»,- հաստատում է Գեղամ Մանուկյանը:
Նա նշեց, որ եթե-ով չի սիրում խոսել, պատմությունը եթե չի սիրում: «Նիկոլ Փաշինյանը գնալու է: Չի կարող Հայաստանը նման ղեկավար ունենալ, դա օդ ու ջրի պես անհրաժեշտ է Արցախին, մեր երկրի անվտանգությանը»: