192 դիտում, 2020.11.22 18:24

Լրջորեն պատրաստվել էինք «Շիրակ»-ի խաղին. Ալեքսանդր Գրիգորյան

Լրջորեն պատրաստվել էինք «Շիրակ»-ի խաղին. Ալեքսանդր Գրիգորյան

Երևանի «Ուրարտու» ֆուտբոլային ակումբի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Գրիգորյանը «Շիրակ»-ի դեմ տոնած հաղթանակը կապում է մրցակցին լավ ուսումնասիրելու հետ:

««Շիրակն» այս առաջնությունում շատ թիմերի է տհաճություն պարգևել, մենք դա գիտեինք ու լրջորեն պատրաստվել էինք այս խաղին: Կարողացանք 3 գոլ խփել ու հաղթել, շարժվում ենք առաջ։ Այսօր խաղաժամանակ ստացավ Խարիտոն Այվազյանը, նորեկ Իսահ Ալյուն։ Թե ինչպես խաղացին, թող երկրպագուները գնահատեն։ Խարիտոնը 17 տարեկան է, նրա խաղից ենթադրություններ կանենք ապագայում, եթե նա խաղաժամանակ ստանա «Արարատ-Արմենիայի», «Ալաշկերտի» նման մրցակիցների հետ խաղերում։ Ինչ վերաբերվում է Իսահ Ալյուին, ապա քիչ ժամանակ է, ինչ միացել է թիմին։ Ես ծանոթ եմ այդ ֆուտբոլիստի ունակություններին, կարծում եմ, որ նա մեզ կօգնի, բայց ժամանակ է պետք մարզավիճակ հավաքելու համար»,- Գրիգորյանի խոսքերը փոխանցում է ակումբի մամուլի ծառայությունը:

Հայաստանի ֆուտբոլի առաջնության 12-րդ տուրի շրջանակներում միմյանց դեմ մրցեցին «Շիրակ»-ը և «Ուրարտու»-ն: Գյումրու քաղաքային մարզադաշտում կայացած խաղում «Ուրարտու»-ն երեք անպատասխան գնդակ ուղարկեց «Շիրակ»-ի դարպասը: Աչքի ընկան Եվգենի Կոբզարը, Ջոնել Դեսիրեն և Վիկտոր Հուգոն: Այս հաղթանակից հետո «Ուրարտու»-ն 14 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը: «Շիրակ»-ը վերջինն է: