Ֆրանսիայի Օ-դը-Ֆրանսը, որն ունի շուրջ 6 միլիոն բնակչություն և համարվում է Ֆրանսիայի երրորդ ամենաբնակեցված ռեգիոնը, ընդունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությայն տևական լուծման և Լեռնային Ղարաբաղի բնակչության ինքնորոշման իրավունքի մասին բանաձև, հայտնում է Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունը:
- «Հաշվի առնելով Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության դեմ Ադրբեջանի կողմից ռազմական գործողությունների սանձազերծումը,
- Հաշվի առնելով Ադրբեջանի ռազմական ուժերի կողմից միջազգային կոնվենցիաներով արգելված զենքի օգտագործման լուրջ կասկածը,
- Հաշվի առնելով Ֆրանսիայի ունեցած պատասխանատվությունը՝ որպես Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) «Մինսկի խմբի» անդամ ՝ Ռուսաստանի և ԱՄՆ-ի հետ միասին, Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության կայուն լուծում գտնելու գործում,
- Հաշվի առնելով ջիհադիստ աշխարհազորայինների անհերքելի ներկայությունը ադրբեջանական բանակի շարքերում,
- Հաշվի առնելով հակամարտության ողբերգական ազդեցությունը տեղի բնակչության վրա, հազարավոր մարդկային կյանքերի կորուստը, հազարավոր տների ավերածությունները և Լեռնային Ղարաբաղի հայ բնակչությանը փաստացի ենթակայության կամ աքսորի դատապարելը,
- Հաշվի առնելով Թուրքիայի կողմից Ադրբեջանին տրամադրված ռազմական օգնությունն ու միջամտական աջակցությունը, որոնք մեծապես ապակայունացրեցին հակամարտությունը՝ հօգուտ Ադրբեջանի,
- Հաշվի առնելով նոյեմբերի 10-ին Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև կնքված համաձայնագիրը, որը սառեցնում է հակամարտությունը ի օգուտ վերջինիս, առանց որևէ միջազգային ճանաչված ատյանի ներգրավման,
- Հաշվի առնելով, որ տվյալ համաձայնագրով խախտվում է Հայաստանի ինքնիշխան տարածքը ռուսական խաղաղապահ ուժերի պաշտպանության ներքո «միջանցքի» ստեղծմամբ,
- Հաշվի առնելով, որ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը չկարգավորելու փաստը հղի է զինված հակամարտության վերսկսման վտանգով,
- Հաշվի առնելով 1991 թ.-ի դեկտեմբերի 10-ի հանրաքվեով անկախության օգտին կատարած և մշտապես վերահաստատած՝ Լեռնային Ղարաբաղի բնակիչների ընտրությունը, ովքեր օժտված են ժողովրդավարական կառույցներով և գործելակերպով Արցախի Հանրապետության անվան ներքո,
- Հաշվի առնելով հայկական դարավոր մշակութային ժառանգության ոչնչացման լուրջ սպառնալիքները՝ պայմանավորված դրանց՝ Ադրբեջանի հսկողության տակ փաստացի անցնելու հանգամանքով,
- Հաշվի առնելով Ֆրանսիային և Հայաստանին միավորող պատմական և մշակութային կապերը և մասնավորապես այն ժամանակից ի վեր, երբ Ֆրանսիան իր դռները բացեց 1915 թ. հայոց ցեղասպանության մազապուրծների առջև,
Օ-դը-Ֆրանս ռեգիոնալ խորհուրդը.
- Արտահայտում է իր եղբայրական զորակցությունը թե Հայաստանի, թե Լեռնային Ղարաբաղի, թե ողջ աշխարհի, և թե Ֆրանսիայի ու Օ-դը-Ֆրանս շրջանի բոլոր հայերին,
- Սատարում է Ֆրանսիայի Սահմանադրության 34-1 հոդվածի համաձայն 2020 թ. նոյեմբերի 18-ին Սենատում ներկայացված Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը ճանաչելու անհրաժեշտության մասին բանաձևի առաջարկը,
- Դիմում է Կառավարությանը՝ վերահաստատելու դեռ 2007 թ.-ին Ֆրանսիայի Հանրապետության Նախագահ Նիկոլա Սարկոզիի արտահայտած առարկությունը Թուրքիայի՝ Եվրամիությանը անդամակցելու հարցում:
- Կոչ է անում Եվրամիությանը (ԵՄ) դատապարտել Թուրքիայի կողմից աջակցվող Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողությունները և վերջինիս հանդեպ առևտրային հակազդամիջոցներ ձեռնարկել՝ դեպի ԵՄ նրա արտահանումների վրա մաքսատուրքեր կիրառելու միջոցով,
- Դիմում է Ֆրանսիայի կառավարությանը՝ որպես ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամ, դիմել ԱՄՆ-ին, Ռուսաստանին, Չինաստանին և Միացյալ Թագավորությանը՝ չեղյալ հայտարարելու նոյեմբերի 10-ի համաձայնագիրը և գտնելու համաձայնություն, որը կերաշխավորի երկարաժամկետ խաղաղություն և կայունություն՝ միևնույն ժամանակ հարգելով Հայաստանի լիակատար ինքնիշխանությունը իր տարածքի վրա,
- Կոչ է անում ՄԱԿ-ին և Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպությանը` ապահովել ազգերի ինքնորոշման իրավունքի հարգումը և սահմանների անձեռնմխելիության սկզբունքները Հայաստանի և Ադրբեջանի միջև այս ճգնաժամի համատեքստում,
- Կոչ է անում ՄԱԿ-ի կրթական, գիտական և մշակութային կազմակերպությանը (ՅՈՒՆԵՍԿՕ) ձեռնարկել բոլոր անհրաժեշտ գործողությունները Լեռնային Ղարաբաղի հայկական մշակութային ժառանգությունը պաշտպանելու նպատակով,
- Կաջակցի, ուղղակիորեն կամ անուղղակիորեն, Ֆրանսիայում կազմակերպվող նախաձեռնություններին, որոնք մարդասիրական օգնություն կտրամադրեն հակամարտության հայազգի զոհերին: