280 դիտում, 2020.11.21 18:12

ՀՀ-ի և Արցախի ՄԻՊ-երն ավարտել են հայ գերիների նկատմամբ Ադրբեջանի վայրագությունների մասին զեկույցը

ՀՀ-ի և Արցախի ՄԻՊ-երն ավարտել են հայ գերիների նկատմամբ Ադրբեջանի վայրագությունների մասին զեկույցը

Հայաստանի և Արցախի մարդու իրավունքների պաշտպանները ամփոփել են չորրորդ փակ զեկույցը՝ նոյեմբերի 4-18-ն ընկած ժամանակահատվածում էթնիկ հայ գերիների ու դիակների նկատմամբ ադրբեջանական զինված ուժերի դաժանությունների, վայրագությունների վերաբերյալ: Այս մասին տեղեկացնում է Հայաստանի ՄԻՊ Արման Թաթոյանը:

«Ավարտեցինք էթնիկ հայ գերիների ու դիակների նկատմամբ ադրբեջանական զինված ուժերի դաժանությունների, վայրագությունների վերաբերյալ թվով 4-րդ փակ զեկույցը: Այն 4-րդն է միայն խոշտանգումների ու դաժանությունների հարցերով:

Վերաբերում է նոյեմբերի 4-18-ն ընկած ժամանակահատվածին, իսկ մենք արդեն սկսել ենք 5-րդ զեկույցի պատրաստման աշխատանքները»,-հայտնել է Թաթոյանը:

Զեկույցում կոնկրետ ապացույցներով ցույց են տրված բոլոր դաժանությունները, պատերազմական հանցագործությունները, որ կատարել են ադրբեջանական զինված ուժերը: ՄԻՊ-ը շեշտել է, որ այդ ամենը կատարվել է միայն այն բանի համար, որ գերեվարված անձինք էթնիկ հայ են: Այս ամենը նաև Ադրբեջանում պետական մակարդակով վարվող հայատյացության համակարգված քաղաքականության արդյունք է:

Զեկույցը ապացույցների ու վերլուծությունների ևս մեկ ժողովածու է, որ հաստատում է Արցախում ահաբեկչական մեթոդներով էթնիկ զտումների և ցեղասպանության ադրբեջանական քաղաքականության մասին:

Թաթոյանը նաև նշել է, որ նման զեկույցների բովանդակությունը հասկանալի պատճառներով չեն հրապարակում՝ հաշվի առնելով ադրբեջանական դաժանությունների ու խոշտանգումների աստիճանը: «Այն ամբողջական բովանդակությամբ ներկայացվում է միջազգային մարմիններին, ինչպես նաև Հայաստանի այն պետական մարմիններին, որոնք ունեն այս հարցերով կարևոր գործառույթներ»,-եզրափակել է ՄԻՊ-ը:

ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանն ու Արցախի ՄԻՊ Արտակ Բեգլարյանը պատերազմի ընթացքում պարբերաբար հրապարակել են զեկույցներ՝ հակառակորդի պատերազմական հանցագործությունների վերաբերյալՆրանք հրապարակել էին նաև համատեղ զեկույց՝ ադրբեջանական զինված ուժերի կողմից Արցախում ֆոսֆորային զինատեսակ կիրառելու մասին: