Այսօր ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայման թեմայով խորհրդակցություն էր հրավիրել, որին մասնակցում էին ՌԴ գերատեսչությունների ղեկավարները,-հայտնում է Կրեմլի մամլո ծառայությունը:
Խորհրդակցության ժամանակ կարևորվել է նաև Մարդասիրական արձագանքման միջգերատեսչական կենտրոնի դերը: «Ինչպես ես ասացի նոյեմբերի 13-ին կայացած հանդիպմանը, ռազմական գործողություններից լրջորեն տուժած այս շրջանի բնակիչներին աջակցությունն ու օգնությունը այժմ դառնում է առաջնահերթություն: Առկա խնդիրները լուծելու համար ստեղծվում է Մարդասիրական արձագանքման միջգերատեսչական կենտրոն: Գիտեմ, որ, հաշվի առնելով Կենտրոնի առջև ծառացած խնդիրները, այժմ ձևավորվում են դրա մասնագիտացված ստորաբաժանումները: Ընդգծեմ, որ մեր բոլոր մարդասիրական ջանքերն ու օգնությունը պետք է գնան ի շահ հայ և ադրբեջանցի ժողովուրդների: Մենք կարեկցում ենք յուրաքանչյուրին, ով դժվարության մեջ է»,- նշել է ՌԴ նախագահը:
Կարևորելով միջազգային հումանիտար օգնության դերը Պուտինը խոսել է նաև Կարմիր Խաչի առաքելության մասին. «Այստեղ գլխավոր դերը, իհարկե, պատկանում է Կարմիր խաչի միջազգային կոմիտեին: Կազմակերպության նախագահ Պիտեր Մաուրերը երկու օր առաջ այցելեց Մոսկվա և հաստատեց կազմակերպության պատրաստակամությունը՝ մեծացնելու իր գործունեությունը Երևանում, Բաքվում և Ստեփանակերտում, իհարկե, ապավինելով նաև Ռուսաստանի և մեր խաղաղապահների աջակցությանը:
Կարևոր եմ համարում, որ այս օրինակին հետևեն այլ միջազգային կառույցների ներկայացուցիչներ, ինչպիսիք են ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարը, ՄԱԿ-ի հումանիտար հարցերի համակարգման գրասենյակը, Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը, Համաշխարհային պարենի ծրագիրը և ՄԱԿ-ի ականազերծման ծառայությունը»,- ամփոփել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը: