«Ֆեյսբուքում մի կեղտոտ ակցիա է սկսվել երեկ բողոքի ցույցի ժամանակ վրաերթի ենթարկված ցուցարար Սեդա Մակարյանի դեմ։
Սեդան «Երկիր Մեդիա» հեռուստաընկերությունում պրակտիկա է անցնում եւ դեռեւս լրագրող չէ, բայց դա չէ խնդիրը։
Ասում են՝ արցախցի չէ։ Նեղմիտներ, կուրացածներ...
Սեդան մեծացել է Բերձորում, ապրել է Բերձորում, որը Նիկոլը տալիս է հիմա։ Սեդայի հայրը ազատամարտիկ է, պատերազմի առաջին իսկ օրը ՀՅԴ կամավորների կազմում մեկնել է առաջնագիծ։
Մինչեւ պատերազմը մի շարժում կար, դաշնակցության անդամներին՝ հերթով տարբեր գերատեսչություններից աշխատանքից հեռացնում էին, մեկին ասում էին, որ պատճառը կուսակցական պատկանելությունն է, մեկի համար ուրիշ պատճառ էին մոգոնում, այդպես աշխատանքը կորցրեց բնապահպանության նախարարության երկարամյա աշխատակից Իգոր Սարգսյանը, ում այդ նախարարության աշխատակիցները ճանաչում էին որպես պարկեշտ ու սիրված աշխատող, նա բողոքարկել է դատարանում խնդիրը, նշեմ, որ Իգոր Սարգսյանը Շուշիի առանձնակի գումարտակի կազմում 1992-ին Շուշիի ազատագրմանը մասնակցած ազատամարտիկ է, ով 2 օր առաջ հանրահավաքին իր չափազանց պարկեշտությունը մոռացած, ցասումով ելույթ էր ունենում, անգամ իր բարկության աստիճանն այնքան էր, որ ելույթը հայհոյախառն էր, այո ես ու նրան ճանաչողներն այդ պարկեշտ մարդուն այդքան բարկացած չէինք տեսել:
Հիմա մի հարց. «Եթե դաշնակցական է, հող պահող է, զոհվող է. չի՞ կարող լինել լրագրող, չի՞ կարող ծառայել հայրենիքին այլ կերպ, որտե՞ղ է այդ արգելքը գրված»:
Սեդային երեկ վրաերթի էին ենթարկել ու փոխարենը պաշտպանեն աղջկան, ով ակցիայի մասնակից է, տարածում են, թե ստել է, արցախցի չէ։ Լո՞ւրջ, ուրեմն, եթե Երեւանում է, եթե սովորում է, եթե դաշնակցական է, եթե հեռուստաընկերությունում պրակտիկա է անցնում, ուրեմն Արցախից չի՞ կարող լինել: Լավ այս երկրում ե՞րբ է ամեն ինչ տեղն ընկնելու։ Այս երկիրը միայն ձերը չէ հասկացե՛ք, այս երկիրն արցախցունն է, լոռեցունն է, սյունիքցունն է, երեւանցունն է, ում արմատները կարող են լինել նաեւ Արեւմտյան Հայաստանից։ Հասկացե՛ք հայրենիքը բոլորինս է, ու այս կեղտոտ խաղից հետո հավանական է, որ Սեդան իրոք լրագրող դառնա, եթե չորոշի այլ գործով զբաղվել»:
«Երկիր Մեդիա» ՀԸ լրատվական բաժնի համակարգող Լիլիթ Մանուկյան